pataragi bovandakutyuny

Այժմ անդրադառնանք սուրբ և անմահ Պատարագի արարողությանը, որն իր մեջ արտահայտում է.
Ա. Վերջին ընթրիքի հիշատակ,
Բ. Հիսուս Քրիստոսի փրկարար զոհագործում,
Գ. Հավատացյալի հոգևոր միացում Քրիստոսի հետ։ Առաջինը մեր Տերն ինքը պատվիրեց. «Սա արեք ինձ հիշելու համար»։ Երկրորդը բուն խորհուրդն է։ Երրորդը նպատակն է՝ միանալ Աստծուն (Հովհաննես Զ 55)։
Սուրբ Պատարագի արարողությունն առաքյալների օրոք շատ պարզ էր, այնուհետև, հաջորդաբար շարունակվելով Եկեղեցու մեջ, Սուրբ Պատարագի խորհուրդըկատարելու համար կանոններ և սովորություններ հաստատվեցին հետևյալ պայմաններով.
Ա. Ձեռնադրված (օծված) պաշտոնյա.
Բ. Հաց և գինի.
Գ. Աղոթք։
1. Խորհրդակատար պատարագիչը ձեռնադրությամբ և օծմամբ քահանայական աստիճան ունեցող եկեղեցական պիտի լինի։
2. Այս սրբբազան խորհրդի համար պետք է գործածվի մաքուր և զուտ ցորենի ալյուրից պատրաստված թարմ բաղարջ (անթթխմոր հաց) և անապական գինի՝ առանց ջուր խառնելու։
3. Պատարագիչը պետք է հավատով և երկյուղածությամբ օրհնության ու սրբագործության քահանայական աղոթքներ ասի։ Պատարագիչ քահանայից բացի կան նաև դպիրներ և սարկավագներ։ Դպիրները ներկայացնում են ժողովրդին և ինչ որ ասում են, ավելի ճիշտ՝ երգում են, կատարում են ժողովրդի կողմից՝ լինեն դրանք որպես պատասխան, որպես գոհունակություն կամ խնդրանք։ Իսկ պատարագիչ քահանայի և ժողովրդի (դպիրների) միջև միջնորդը սարկավագն է։ Սարկավագը քահանայի օգնականն է՝ սպասարկողի դերում։ Նա նաև Աստծո սպասավորն ու պաշտոնյան է՝ Նրա Սուրբ Սեղանի, Նրա Խոսքի (Ավետարանի ընթերցմամբ), այնպես, ինչպես սուրբ Ստեփանոսը եղավ նախասարկավագ։ Բայց սարկավագի ամենից կարևոր պաշտոնը միջնորդ լինելն է։ Նա իր հանգամանքով ուշադիր հետևում է արարողություններին, և երբ կարևոր պահ է մոտենում, անմիջապես դառնալով ժողովրդին, նրան ուշադրության է հրավիրում, հրահանգներ ու խորհուրդներ է տալիս, երբեմն էլ ժողովրդի կողմից պատարագիչ քահանային ուղղված խոսքեր է ասում։ Սուրբ Պատարագի արարողությունը բաժանվում է հինգ մասի, և այդ մասերից ոչ մեկը չենք կարող զեղչել, որովհետև, նախ, դրանք իրար հետ կապված են և յուրահատուկ սկիզբ, ընթացք ու ավարտ ունեցող ամբողջություն են կազմում։ Ապա՝ յուրաքանչյուր մաս չափազանց կարևոր և կենսական դեր ունի Սուրբ Պատարագի ըմբռնման մեջ, և բոլորն էլ լրացնում են իրար՝ մեկ ամբողջություն, միություն կազմելով.
Ա. Պատրաստություն (Զգեստավորում)
Բ. Պաշտամունքի սկիզբ (Մուտք)
Գ. Երեխաների (չմկրտվածների) Պատարագ (Կատարում)
Դ. Հավատացյալների Պատարագ (Ավարտ)
Ե. Սրբագործություն (Փակում)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել