168.am-ը գրում է․

Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունում (ՔԿԾ)։ Երբ նոր ղեկավարության՝ ՔԿԾ գալուն պես կադրային ջարդ սկսվեց Ծառայությունում, շատերն էին կանխատեսում, որ այդ խմորը դեռ շատ ջուր է վերցնելու:

Ծառայության նախկին ֆինանսական բաժնի երկարամյա պետ Արամ Հարությունյանը, օրինակ, դատական կարգով վիճարկել էր իրեն անհիմն աշխատանքից ազատելը, և դատարանը, փաստորեն, հօգուտ ֆինբաժնի նախկին պետի է վճիռ կայացրել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նրան պետք է վերականգնեն նույն աշխատանքին, ավելին, որոշ մարդկանց ապաշնորհության և անհեռատեսության արդյունքում նաև լրացուցիչ բեռ է դրվում պետբյուջեի վրա, քանի որ վերականգնվելու դեպքում Արամ Հարությունյանին պետք է վճարեն նաև մոտ մեկ տարվա աշխատավարձ։

Այս պատմությունը, իհարկե, ոչնչով չի զարմացնում, որովհետև ինչպես և ընդունված է թավշյա իշխանավորների մոտ, բոլոր պետական գերատեսչություններն են համալրված յուրայիններով:

ՔԿԾ-ն էլ բացառություն չէ, և 168.am-ն անդրադարձել է համակարգի նշանակումներին, նշել, որ Ծառայությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնում են կամ ՔԿԾ պետի, կամ էլ արդարադատության նախարարի հովանավորությունը վայելող անձինք, ովքեր քրեակատարողական համակարգի հետ հիմնականում որևէ առնչություն չունեն:

Նույնը կատարվեց նաև ֆինբաժնի նախկին պետի հետ: Նրան ազատեցին աշխատանքից՝ առանց որևէ հիմնավորման, փոխարենը՝ նշանակեցին իրենց մարդուն, հիմա էլ ոտք ու ձեռք ընկած՝ փորձում են Վերաքննիչ դատարանում վիճարկել առաջին ատյանի դատարանի որոշումը։

Այս պատմությունը դեռ չմարսած՝ նոր կրքեր են բորբոքվել. հիմա էլ թեժացել է ՔԿԾ պետի տեղակալների և հերթապահության բաժնի պետի հարաբերությունները: Բախումն այն աստիճան է սրվել, որ խոսակցությունը վերածվել է վեճի՝ կապված ՔԿԾ պետի մոտ ինչ-որ պաշտոնատար անձի այցելության հետ, որը դարձել է մեծ պատմություն:

Մեզ ասացին, որ պետի տեղակալներից մեկի հետ, ում անունը փորձում ենք ճշտել, այն աստիճան է վեճը թեժացել, որ նրանց հազիվ են բաժանել, և կոնֆլիկտը ձեռնամարտի չի հասել։

Այնուհետև հերթապահության պետին իր մոտ է կանչել ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը և ինքն էլ իր հերթին է վիճել վերջինիս հետ։ Ծառայությունում ասում են, որ հերթապահության բաժնի պետի օրերը ևս հաշված են Ծառայությունում:

Հետաքրքիր է՝ իսկ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղյա՞կ է իրավիճակից ու կփորձի՞ հասկանալ՝ ինչ է կատարվում իր ենթակայության տակ գտնվող հիմնարկում, թե՞ այս դեպքով նախարարությունում չարժե ծառայողական քննություն նշանակել, բավական է հավատալ միայն Գոյունյանի խոսքին, եթե, իհարկե, զեկուցվել է, և եթե, իհարկե, նախարարը տիրապետում է ոլորտին։

Իսկ միգուցե հերթական ընկերոջ, քավորի կամ սանիկի համա՞ր են հաստիք ազատում:

Ինչևէ, այդ վեճից հետո ղեկավարության մոտ փայլուն միտք է ծագել՝ շենքի մուտքի մոտ ռենտգեն հատուկ սարք տեղադրել, երկաթյա ճաղավանդակներ ավելացնել դրսի հսկիչ-անցագրային կետի դռան և պատուհանի վրա և «խստացնել» բաժնի աշխատանքները՝ հավելյալ պահանջներ ներկայացնելով աշխատակիցներին։

Իսկ ծառայության աշխատակիցներն էլ արդեն մի քանի օր է, օրը մի քանի անգամ անցնում են դրա տակով, և շենքում անընդհատ լսվում է սարքի ծնգոցը: Աշխատակիցները նույնիսկ կատակում են՝ ասելով՝ ոնց որ օդանավակայանում լինենք:

Անհասկանալի է մնում, թե ո՞րն է այդ սարքը տեղադրելու իմաստը: Չէ՞ որ առանց այդ էլ աշխատակիցները քարտերով են ելք ու մուտք անում, առանձնակի ուշադրության կենտրոնում են պահվում առավոտյան ուշացումները, մեկ անգամ զգուշանալուց հետո հայտարարում են նկատողություն, և, բնականաբար, այստեղ էլ է գործում խտրական մոտեցումը, քանի որ ընկերներին, ծանոթներին և ուղղակի սիրելի աշխատակիցներին դա չի վերաբերում, որքան ցանկանան՝ ուշ կգան։ Սարքի տեղադրումը դժգոհությունների, ինչպես նաև բուռն ծաղրի առարկա է դարձել ծառայությունում։

Բայց սա դեռ վերջը չէ. այդ սարքի կողքին էլ մեկ անցակետ են ավելացրել, հայտնի չէ՝ ինչի՞ համար. դրսից եկող անձանց ռենտգեն սարքով անցնելուց հետո մանրամասն զննելո՞ւ, արգելված իրերի, թմրամիջոցների մուտքը Ծառայության կենտրոնական մարմին թույլ չտալո՞ւ, թե՞ մեկ այլ նպատակով: Կիմանա միայն գաղափարի հեղինակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել