Pastinfo.am-ը գրում է․

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կրկնակի գործակալ լինելու մասին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունից հետո ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ պարզելու արտահոսքի աղբյուրը։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը հունվարի 16-ին հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է, որը նաեւ 2007 թվականին հավաքագրվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից։

Մասնավորապես նախկին դեսպանը նշել էր, որ դեռևս 2005թ, երբ Արարատ Միրզոյանը խոստումնալից երիտասարդ էր, ում միտքը սև էր, իսկ հոգին պղտոր, ամբիցիաներն էլ շատ բարձր էին, հայտնվել է Ցեղասպանության թանգարանում, իսկ թուրքական գործակալների տեսադաշտում հայտնվել է, երբ նա ԱՄՆ-ում սկսել է ուսումնասիրել Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը:

«Թուրք կուրատորի և խոստումնալից երիտասարդի միջև հանդիպում է կայացել, որտեղ այս երիտասարդն իր հոգին վաճառել է թշնամուն՝ համաձայնվելով գաղտնի տեղեկություններ փոխանցել թուրքերին, այն մասին, թե ի՞նչ գործընթացներ են կատարվում Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ի՞նչ արխիվ է այնտեղ հավաքվում և այլն»,- հայտնել է Մ.Մինասյանը։

Ըստ նրա՝ ՀՀ ԱԱԾ-ն ֆիքսել է երիտասարդի և Թուրքիայի կոնտակտները, հրավիրել նրան զրույցի ու ասել, որ նրան սպառնում է երկարատեւ ազատազրկում, կամ էլ պետք է համագործակցի ՀՀ ԱԱԾ-ի հետ։ Արդյունքում՝ 2007 թվականին Ա.Միրզոյանը տվել է իր գրավոր համաձայնությունը՝ ԱԱԾ-ի հետ համագործակցելու վերաբերյալ։

Ավելին, Մ.Մինասյանը հրապարակել էր նաեւ Ա.Միրզոյանի գրավոր համաձայնության տեքստը։

Ճիշտ է, ԱԱԾ-ն նույն օրը՝ հունվարի 16-ին, շատպել է հերքել՝ Ա.Միրզոյանի ԱԱԾ գործակալ լինելու հանգամանքը, ինչը թերեւս սպասելի էր. տարօրինակ կլիներ, եթե ԱԱԾ-ն պաշտոնապես հաստատեր այս կամ այն անձի, առավել եւս պաշտոնյայի գործակալ լինելը, սակայն արդեն կատարվում է ծառայողական քննություն։ Մասնավորապես, ԱԱԾ- ում սկսվել է ծառայողական քննություն՝ պարզելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը։ Իշխանությունները փորձում են հասկանալ, թե ինչ ծավալի ինֆորմացիայի արտահոսքի մասին է խոսքը։

Տեղեկությունը ճշտելու համար «Փաստինֆո»-ն դիմել է ԱԱԾ լրատվական ծառայություն, որտեղից նշել են, թե հունվարի 16-ին տարածված հայտարարությանն ավելացնելու բան չունեն, ապա առաջարկել դիմել դատախազություն՝ Մ.Մինասյանի հնչեցրած տեղեկությունները քննության առարկա դառնալու վերաբերյալ պարզաբանումների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել