1022 թ. Տրապիզոնում Հովհաննես-Սմբատ Բագրատունի թագավորը (1020-1041) իր թագավորությունը կտակեց Բյուզանդացիներին։ Բյուզանդացիները դոմինանտ ուժ էին, մշակութային բազում ընդհանրություններ ունեին Հայաստանի հետ և անընդհատ ճնշում էին Հայաստանին, որպեսզի այն իրենց տիրապետության տակ անցնի։
23 տարի շարունակ նրա հաջորդներին մի կերպ հաջողվեց պահել թագավորական իշխանությունը և Հայաստանի պետությունը։
Հետո բյուզանդացիները Հայաստանի վերնախավում հզոր դաշնակիցներ գտան։ Կաթողիկոս Պետրոս Ա. Գետադարձը և Վեստ Սարգիսը փրկությունը տեսնում էին Բյուզանդիայի մեջ։ Նաև շահագրգռված էին Կոստանդնուպոլսից իրենց խոստացված առավել մեծ ազդեցությամբ և դյութված էին բյուզանդական ուժով, հզորությամբ, փայլով և սիրաշահումներով։ Ու քարոզում էին բյուզանդական արժեքներ, խաղաղություն Բյուզանդիայի հետ և պատերազմի բացառում` Բյուզանդիայի հետ։
Եվ երկիրը նվիրեցին բյուզանդացիներին։ 1045թ.-ին երկրի փաստացի ղեկը ստանձնած կաթողիկոսն ու Սարգիս Սյունեցին, որին Բյուզանդիոնի հանդեպ կրքոտ սիրո պատճառով «Վեստ» մականունով էին կոչում` բացեցին Հայաստանի մայրաքաղաք Անիի դարպասներն ու այն հանձնեցին հույներին։
Ընկավ Անին։
Ընկավ բուն Հայաստանի վերջին թագավորությունը։
Այդպիսով առհավետ կորսվեց հայկական թագավորությունը, կործանվեց պետությունը, անվերադարձ հանձնվեցին երկրի հողերը։
Հազար տարի է անցել։ Պատմությունը ևս մեկ անգամ կրկնվում է։ Հազար տարի անց մենք իշխանության բերեցինք մի նոր Վեստ Սարգսի և Պետրոս Գետադարձի` ի դեմս մեկ անձի։ Չհեռացրինք նրան ժամանակին, երբ տեսանք երկիրը կործանման է տանում։
Մեր արևելյան Անին` Շուշին պահեցինք երեսուն տարի և հետո դարպասները բացելով այն նվիրեցինք թշնամուն։ Ու կորցրեցինք մեր պետությունը, կորցրեցինք մեր երկիրը, կորցրեցինք մեր ապագան։
Ու հետո անեցիների պես` հանդուրժեցինք մեր Վեստ Սարգսին և Պետրոս Գետադարձին։
Թշնամին այս անգամ Բյուզանդիան չէր, բայց Բյուզանդիան այս անգամ միջնորդն էր։ Եվ Բյուզանդիան Հայաստանի հանձնման ջատագովն էր։ Եվ Բյուզանդիան ստացավ մնացածը։ Ու հիմա էլ բյուզանդամոլներ կան, ընդդիմության տասնյոթական ճամբարը բյուզանդապաշտ է, վեստսարգսական, հակաոչմիթիզհողական։
Հասարկության մի մասը նոր Վեստ Սարգիս է փտնրում, որ իրենց Կոստանդնուպոլսի ծայրագավառ դարձնի։ Ու հիմա էլ մենք չենք հասկանում, որ Անիի անկումը հազար տարի հետո էլ Անիի անկում է և որ այս անգամ երկրի այդ անկումն անդառնալի է լինելու։
Ու չենք պայքարում։ Ու երկու հարյուր տարիների մեր հավերժական թվացող շրջապտույտի մեջ ինքնափոխության, ինքնագտնման, ինքնախելացիացման ուղի չենք բռնում։ Լուծումները փնտրում ենք նորանոր անիներ հանձնելու մեջ, Բյուզանդիային տրվելու մեջ և դա անում հին` երկդարյա կամ հազարամյա նույն մտայնությամբ։
Մեր փրկության միակ ուղին մեր բոլոր նախապատերազմական, ինչպես նաև հետպատերազմական հայացքների և մոտեցումների աղբանոց նետման մեջ է, նոր աշխարհների, նոր իրողությունների, նոր դաշնակիցների, նոր գաղափարների ու նոր գաղափարախոսության ընդունման մեջ։
Փրկության այլ ուղի մենք չունենք։ Մեր վերջին Անին հանձնելով` մենք չենք փրկվի։ Մենք ընդամենը կդառնանք այսօրվա Ախուրյանի այն ափին այսօր նշմարվող երբեմնի մայրաքաղաքի բնակիչներ` ավերակների ոգիներ։ Որ վաղուց չկան ու այլևս չեն լինելու։
Իսկ դրա իրավունքը մենք այլևս չունենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել