1in.am-ը գրում է.
Մենք պետք է և կարող ենք Իրանից աջակցություն ակնկալել Ղարաբաղի հարցում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց իրանագետ Ռուդիկ Յարալյանը՝ խոսելով Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության, Հայասատնի և Իրանի նախագահների երկուշաբթի կայացած հանդիպման, ու երկկողմ հարաբերությունների մասին:
Բանախոսը նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել էր Իրան՝ նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով, ուստի այս ձևաչափով երկու երկրների հարաբերությունների վերաբերյալ խորը քննարկումներ ակնկալել չէր կարելի: Ըստ նրա՝ շատ կարևոր էր այն, որ հանդիպման ժամանակ Հասան Ռուհանիի կողմից շեշտվել էր այն հանգամանքի մասին, որ միջազգային կազմակերպություններում մշտապես Հայաստանը պաշտպանել է Իրանի դիրքորոշումը:
«Մենք պետք է և կարող ենք Իրանից նույն վերաբերմունքն ակնկալել Ղարաբաղի հարցում: Իրանի իշխանությունները խորությամբ են գիտակցում Ադրբեջանի քրեաօլիգարխիկ իշխանության ծավալապաշտական նկրտումները, ուստի Իրանը լավ է հասկանում, որ Արցախից հետո Ադրբեջանը սկսելու է նույն գործընթացն Իրանի թուրքախոս բնակչություն ունեցող հատվածների նկատմամբ: Կա սպառնալիք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականության համար»,- ասաց իրանագետը՝ հավելելով, որ Իրանը բազմիցս է ակնարկել, թե Արցախյան հիմնահարցում միջնորդ է ցանկանում լինել, իսկ եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառի իր առաքելությունը, եթե նոր ձևաչափի խնդիր առաջանա, հնարավոր է՝ ընդգրկվի նաև Իրանը: Նրա գնահատմամբ՝ հայ-իրանական հարաբերությունները դարձել են ինտենսիվ, նախատեսվում է Թեհրանի և Երևանի միջև լուրջ պայմանագրերի ստորագրում:
Անդրադառնալով իրանական մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, թե Իրանի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սրահ մտնելով՝ Դավութօղլուին չի ողջունել, երես է թեքել՝ իրանագետն ասաց, որ դրա ստույգության վերաբերյալ կասկածներ կան: «Դա հակաթուրքական շեշտադրումներ ունեցող նյութ էր, պատմական ակնարկ էր կատարվել նաև հայ-թուրքական հարաբերություններին և բացառապես հղում էր կատարվել հայկական աղբյուրներին»,- ասաց նա: