Եռաբլուր զինվորական պանթեոնում քաղաքացիներն ի հիշատակ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի հետևանքով առաջնագծում զոհված մեր հերոսների մոմավառություն կատարեցին: Տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն, հնչեցին շարականներ։ Արարողությունը կազմակերպել էր գործարար, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը:
Ավելի վաղ նա հանդես էր եկել կոչով, որում մասնավորապես ասվում էր. «Բոլորս հավաքվենք և մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի»:
Արդեն Եռաբլուրում լրագրողների հետ զրույցու Թովմասյանը նշեց. «Ամեն մի հայ պետք է հարգի իր ունեցած կորուստները, պետք է իր հարգանքի տուրքը մատուցի, սա յուրաքանչյուրիս պարտքն է, այն է ինչ կարող ենք անել այս ժամանակահատվածում»:
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի, որ պատերազմի ավարտից 2 ամիս անց հայտնի չէ՝ քանի զոհ ու քանի վիրավոր ունենք, նա նշեց, որ այսօր չի ցանկանում քաղաքական հարցերի անդրադառնալ և որ իրենց ակցիան ոչ քաղաքական է:










