Նյութը, որն ընտրել եմ այս հոդվածում անդրադառնալու համար, անշուշտ կհետաքրքրի ամենքիդ, թեև դևին կամ չարքին ուրույն տեսանկյունից նկարագրելու իմ այս մոտեցումը գուցե տարօրինակ թվա և անգամ երկիմաստ ընկալվի շատերիդ կողմից: Փիլիսոփայական ընկալման մեջ և կերպարվեստում հանդիպող կերպարներում դևը յուրատեսակ գրավչություն է ձեռք բերել և հաճախ չի համապատասխանում նրա մասին ունեցած մեր սարսափազդու պատկերացումներին:
  Նախ ճշտեմ, որ «դևը» կամ «դեմոնը» չի նույնացվում սատանայի հետ, ստուգաբանորեն բառը նշանակում է «ոգի», բարի կամ չար՝ դա այլ հարց է: Անտիկ շրջանում թերևս առաջին հիշատակումը դեմոնի մասին պատկանում է Սոկրատեսին: Փիլիսոփան տարակուսանք էր առաջացնում իր շրջապատում, երբ խոսում էր դեմոնի մասին, ով միշտ ներշնչում և ուղղորդում էր իրեն: Իսպառ պարզ չէ, թե ինչպիսի էության հետ գործ ուներ Սոկրատեսը, բայց պետք է որ անչափ զորավոր և իմաստուն արարած լիներ նա: Ձեր կյանքում հաճախ զգացած կլինեք, թե ինչպես են աներևույթ չար կամ բարի ուժերն աներևույթ կերպով ուղղորդում ձեզ, և բնավ պարտադիր չէ, որպեսզի նրանք տեսանելի կերպով հայտնվեն ձեր առջև, որպեսզի համոզված լինեք դրանում: Գրական բազմաթիվ ստեղծագործություններ կան, որոնցում մարդուն իբրև ուղեկից կյանքում հայտնվում է դեմոնը: Բավական է հիշել Գյոթեի «Ֆաուստը», Ջոն Միլտոնի «Կորսված դրախտը», Բայրոնի «Կայենը» և Պուշկինի «Դեմոնը»:
  Խոսքի և պատկերավորման միջոցով դեմոնի կերպարի բացահայտման ապշեցուցիչ մի փորձ է կատարել Լերմոնտովն՝ իր «Դեմոն» պոեմում, որի նկարազարդումը կատարել է ռուս ականավոր նկարիչ Միխայիլ Վռուբելը (1856-1910թթ.): 60 նկարների այս շարքում առանձնանում է «Դևը նստած» կտավը: Վռուբելի նկարներում դևը բնության տարերային ուժերն իր մեջ կրող, զորեղ կերպար է, ում չարությունը թերևս գիտակցված չէ, այլ պայմանավորված է նրա անսանձ բնությամբ և աշխարհի ու մարդկանց հանդեպ ապրած խորին հիասթափությամբ: Դևի գլխավոր դժբախտությունն, ըստ Վռուբելի, նրա միայնությունն է ու անսահման թախիծը: Լերմոնտովն իր երկում կոչում է նրան «կասկածի և ժխտման ոգի», ով, Արարչի կողմից հաղթվելով, անհանգիստ և թախծալի վիճակում թևածում է երկնքի և երկրի միջև: Նրա տառապանքն ու ցավն անսահման են, նրան չեն մխիթարում իր անմահությունն ու զորությունը: Այս արարածը կորցրել է հավատը սիրո, բարիքի և կյանքի լուսավոր կողմի հանդեպ, սակայն կարցնելով անգամ հույզեր ապրելու իր կարողությունը` նա գողտուկ կերպով շարունակում է նախանձել մարդկային թեև անկատար, բայց զորեղ ապրումներ ու զգացմունքներ ունենալու կարողությանը:
  Վռուբելը հաջողությամբ կարողացել է որսալ լերմոնտովյան դեմոնի ոգին, որն իր արտահայտությունը գտել էր նաև Ռուբինշտեյնի «Դեմոն» օպերայում (1875թ.): «Դևը նստած» կտավի մեջ օգտագործվում է Լերմոնտովի կողմից տրված գունային գամման. «...ինչպես մայրամուտի առջև մթագնող որոտալի մի ամպ նստած էր նա»:
Վռուբելին մշտապես հուզել է դեմոնի կերպարը: Նա գրում էր. «Դեմոնին չեն հասկանում..., նա զորեղ է և գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ խղճալի է և անսահման տառապանքով ու միայնությամբ լեցուն»: 1890 թվականին Լերմոնտովի երկի ազդեցության տակ Վռուբելը նախ ջրաներկով ստեղծում է հիշյալ նկարի էսքիզը, այնուհետև կատարում է այն մոնումենտալ տեսքով:
  Նկարում դեմոնի ոգին ասես շղթայված լինի իր մկանուտ մարմնի մեջ, որը հսկայական ժայռաբեկորի կերպարանք ունի: Նրա հոգեկան մեծ լարվածությունն արտահայտում են ծնկները գրկած և ամուր միահյուսված ձեռքերը: Մթագնած, սև աչքերով խոհուն դեմքը և քամուց ծածանվող մազերը կենդանություն են հաղորդում կերպարին: Դեմքի արտահայտությունը խոսում է նրա մեջ կուտակված հսկայական ուժի և միաժամանակ մելամաղձության մասին. դեմոնը թախծոտ հայացքը հառել է մայրամուտին և կարծես հիշում է նախկին իր փառքն ու սգում իր ներկա անկատարությունը: Նկարիչը միտումնավոր վերից և վարից սեղմել է նկարը, որպեսզի դեմոնի հսկայական չափերը ակնառու լինեն, բացի այդ, նկարն անկրկնելի արտահայտչականություն է ստացել կիրառված բյուրեղային տեխնիկայի շնորհիվ, որը ստեղծվում է վրձնով յուղաներկի ուղղահայաց տարածման միջոցով:
  Նշեմ, որ դեմոնի այս կերպարը չափազանց խոր ազդեցություն է գործել նկարչի վրա: 1902թ.-ին «Դևը հաղթված» նկարի ցուցադրությանը Վռուբելն առաջին անգամ հոգեկան խանգարման նշաններ է ցույց տալիս: Այս հիվանդությունը գնալով սրվում է և դառնում նրա մահվան պատճառը:
  Իրոք, խղճահարության է արժանի դեմոնի այս կերպարը: Նա մի արարած է, ով հեռացել է իր նախաստեղծ վիճակից, դատապարտել է ինքն իրեն տառապանքի ու միայնության և չի կարողանում թողնել իր անկատարության վիճակը: Այս թախիծը հատուկ է նաև մեզ՝ մարդկանց, քանի որ մենք նույնպես հաճախ գործելով հակառակ մեր էության՝ հայտնվում ենք կապանքների մեջ և կարոտով անվերջ հիշում ենք մեր նախկին երանելի վիճակը դրախտում: Թող ուրեմն այս հաղթված ու խղճահարության արժանի դեմոնի կերպարը ուժ տա ձեզ ձգտելու համար կատարելության և ինքնամաքրման...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել