168.am-ը գրում է․

Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև հայտարարություն ստորագրվեց, որով հայտարարվեց հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում 2020 թվականի նոյեմբերի 10-ից։ Հիմա խոսք է գնում այն մասին, որ չի բացառվում, որ առաջիկա օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնի Մոսկվա։ Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում չի հերքել, բայց նաև չի հաստատել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Վերջինը չի մեկնաբանել նաև Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին շրջանառվող տեղեկությունները։

«Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի բնորոշմամբ՝ ստորագրված տխրահռչակ այս հայտարարությունն իրավունքի տեսանկյունից աբսուրդ է:

«Այդ հայտարարությունում ներառվեց այնպիսի հարցերի շրջանակ, որը չէր կարող ցանկացած տրամաբանությամբ ներառվել այդ թղթի մեջ: Հիմա հունվարի 11-ին այդ թուղթը կստորագրվի՞, թե՞ ոչ, դա ադրբեջանական հերթական խայծն է՝ մեր երկրում իրավիճակն ապակայունացնելու համար: Իսկ իրականում, ցավոք, ամեն ինչ արդեն տեղի է ունեցել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետը:

Իսկ այն, որ համաձայն Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 8-ի ֆեյսբուքյան գրառման՝ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման մեր առաջնահերթություններից է հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործումը. ըստ այդմ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակում, և հարցին՝ Հայաստանը ճի՞շտ վարվեց, երբ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքից ելնելով՝ վերադարձրեց 2014 թվականին դիվերսիայի և մարդասպանության համար Արցախում դատապարտված Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, Գրիգորի Այվազյանը պատասխանեց.

«Դա շատ սխալ էր, որովհետև ինչպես Սաֆարովի, այնպես էլ՝ այդ երկու մարդասպանների դեպքում իրենք հասկացան՝ ինչքան Հայաստանն իրենց «ընդառաջ գնա», այնքան իրենք կարող են գերիներ վերցնել: Հիշում եք, չէ՞, որ դրանից հետո մոտ 70 հոգու գերի վերցրին ադրբեջանցիները, ու նրանց մասին որևէ տեղեկություն չկա: Մենք այսպիսի զիջումներով Ադրբեջանին ուղղակիորեն խրախուսում ենք, որ դիմի հակամարդկային, հակաիրավական քայլերի, նոր գերիներ վերցնի ու նոր պահանջներ ներկայացնի Հայաստանին: Այդ երկուսին վերադարձնելով ու 40 հոգու հետ վերցնելով՝ հասանք նրան, որ ադրբեջանցիները մոտ 70 նոր գերի վերցրին: Խոսվում էր նաև մարմինների լիարժեք փոխանակման մասին. կարելի էր ու պարտավոր էինք այդ երկու մարդասպանների մարմինները վերադարձնել»:

Ադրբեջանագետը շեշտեց՝ համաշխարհային պատմության և քաղաքականության մեջ միշտ ուժը նշանակություն ունի, ոչ թե թուղթը:

«Մեր փրկօղակն է՝ այս դժվար իրավիճակում ճիշտ կողմնորոշվել, իսկ դրա համար պետք է առաջ նայենք: Պետք է օրինակ վերցնենք Ադրբեջանից, փորձենք մեր շահերը համադրել մեր դաշնակիցների շահերի հետ, մյուս կողմից էլ՝ այն թշնամական կետերը, որ կան մեր դաշնակիցների ու թշնամիների միջև, օրինակ, Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը հստակ պրոբլեմներ ունեն, դրանք բորբոքենք: Վերջին մի քանի օրերին ՌԴ-ն խստացրել է հռետորաբանությունն Ադրբեջանի հետ, երբ իրենց խփված ուղղաթիռի հետ կապված գործը վերաորակավորվեց՝ որպես կանխամտածված սպանություն: Պետք է սրացնենք նրանց հակասությունները, փորձենք մեր շահերը համադրել Ռուսաստանի շահերի հետ: ԱՄՆ-ում իշխանության է գալիս դեմոկրատական վարչակարգը՝ Բայդենի ղեկավարությամբ, ԱՄՆ-ը ու Ֆրանսիան փաստացի արցախյան հակամարտությունից դուրս շպրտվեցին՝ որևէ բանի վրա ազդեցություն չունենալով: Նրանք դժգոհ մնացին այսպիսի զարգացումից: Նաև նրանց պետք է համոզենք, որպեսզի ճանաչեն Արցախի անկախությունը ու այդկերպ վերադառնան այս հարցում որևէ լծակ ունենալու գործին»,- նշեց Գրիգորի Այվազյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել