Amerikayidzayn.com-ը գրում է․
Համաշխարհային բանկը հրապարակել է 2021-2022 թվականների տնտեսական աճի նոր կանխատեսումները, ըստ որի՝ 2021 թվականին Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ տնտեսությունները կաճեն միայն 3,3% -ով:
Համաճարակից վերականգնումը դժվարությամբ է անցնում՝ կապված COVID-19 նոր բռնկումների հետ, որոնք խաթարում են բիզնեսի գործունեությունը: Ըստ ՀԲ կանխատեսումների, այս տարի Հայաստանին սպասում է ՀՆԱ-ի 3,1% -ի աճ, իսկ 2022 թ.՝ 4,5%-ի: Սա ավելի բարձր ցուցանիշ է, քան Ռուսաստանի ՀՆԱ-ի սպասվող աճի տեմպերը:
Ռուսաստանում, որի տնտեսությունն ամենամեծն է տարածաշրջանում, ՀԲ փորձագետները 2021 թ-ին ակնկալում են 2,6% -ոց տնտեսական աճ: Միևնույն ժամանակ, դեկտեմբերին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ Ռուսաստանի տնտեսության վերականգնումը COVID-19-ի հետևանքներից ընթանում է կանխատեսումներից ավելի արագ, և հաջորդ տարի կառավարությունն ակնկալում է, որ Ռուսաստանի ՀՆԱ-ն կաճի ավելի քան 3%-ով: Համաշխարհային բանկը այդ կանխատեսումները համարում է չափազանց լավատեսական և ակնկալում է, որ Ռուսաստանը կվերադառնա ՀՆԱ-ի 3% աճին միայն 2022 թվականին:
Ըստ ՀԲ-ի, Թուրքիան կգրանցի տարածաշրջանում առավել արագ տնտեսական աճ. 2021 թվականին նրա ՀՆԱ-ն կաճի 4,5%, 2022 թ.-ին ` 5% -ով: Թուրքական տնտեսության աճը կխթանի աճը նաև Ադրբեջանում. 2022 թվականին այն կարող է հասնել ՀՆԱ-ի 4,5% աճի, սակայն 2021 թ.-ին, Համաշխարհային բանկի գնահատմամբ, Ադրբեջանի տնտեսական վերականգնման տեմպերը դեռ կմնան համեմատաբար ցածր՝ ՀՆԱ-ի 1,9% -ի չափով:
Նախկին ԽՍՀՄ երկրների շարքում սպասվում է համեմատաբար արագ վերականգնման աճ Ուզբեկստանում (4,3%՝ 2021 թ-ին և 4,5%՝ 2022-ին), Ղրղըզստանում (3,8%՝ 2021 թվականին և 4,5%՝ 2022-ին), Վրաստանում (4%՝ 2021 թ.-ին և 6%՝ 2022-ին) և Տաջիկստանում (3.5%՝ 2021-ին և 5.5%՝ 2022-ին):
Այս բոլոր երկրներում, ինչպես նաև Ուկրաինայում (3,0% աճ՝ 2021 թ.-ին և 3,1%՝ 2022-ին) և Մոլդովայում (3,8% ՝ 2021 թ. և 3,7%՝ 2022 -ին), ՀՆԱ-ի աճի տեմպերը հաջորդ երկու տարում կգերազանցեն Ռուսաստանի աճի տեմպերը:
Իսկ Ղազախստանում կգրանցվեն ՀՆԱ-ի աճի ավելի ցածր տեմպեր՝ համեմատած ՌԴ-ի տնտեսության հետ. 2021 թ.-ին այստեղ կանխատեսվում է ընդամենը 2.5% աճ, իսկ 2022 թվականին` 3.5%: Ավելի վաղ Համաշխարհային բանկի փորձագետներն արդեն կանխատեսել էին, որ երկարատև կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկրում կարող են աճել աղքատությունն ու անհավասարությունը:
Իսկ տարածաշրջանում ամենավատ զարգացումները, ըստ ՀԲ-ի, սպասում են Բելառուսին: Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2021 թվականին Բելառուսը կդառնա տարածաշրջանում միակ երկիրը, որտեղ ՀՆԱ-ն անկում կապրի աճի փոխարեն 2,7% -ով: 2022 թ-ին երկրի տնտեսությունը, ըստ ՀԲ-ի, լավագույն դեպքում կաճի 0,9% -ով, ինչը շատ ավելի ցածր է, քան հարեւան երկրներում, ներառյալ Ռուսաստանում:
Հետազոտության հեղինակները շեշտում են, որ եթե մնացած տարածաշրջանում ՀՆԱ-ի ցածր տեմպերի պատճառը հիմնականում կապված է «համաճարակի հետևանքների հետ, ինչպես նաև ներքին պահանջարկի անկման», ապա Բելառուսի տնտեսությունը հիմնականում իր վրա է կրում շարունակվող քաղաքական անկայունության ազդեցությունը: 2020 թ-ի օգոստոսից երկրում ընթանում են բողոքի ցույցեր և գործադուլներ ընդդեմ Ալեքսանդր Լուկաշենկոյի:
Կենտրոնական Ասիայում Համաշխարհային բանկը ակնկալում է, որ տնտեսական աճի վերականգնմանը մինչև 3% կնպաստեն հումքի գների ու օտարերկրյա ուղղակի ներդրումների փոքր աճը, ինչպես նաև այս երկրների ակտիվության մեծացումը Չինաստանի ՛՛Մեկ գոտի, մեկ ճանապարհ՛՛ ծրագրի շրջանակում:
Ինչ վերաբերում է հարավկովկասյան երկրներին, ապա 2021 թ-ին տնտեսության վերականգնման աճին կարող են նպաստել, ըստ ՀԲ-ի, հիմնականում համաճարակի և հակամարտությունների հետ կապված լարվածության թուլացումն ու զբոսաշրջության վերականգնումը: