Մանկությանս լճի կենսագիրը կարող եմ լինել – հիշում եմ 4-5 տարեկանից, հիշում եմ ոտքերի տակ սլացող իշխանի վտառները, հետո ջրի աղետալի նվազումը, ցամաքի նոր լեզվակների երևալը: Ապա լճի հիվանդությունը - զոհված ձկները ափի ավազների վրա, ջրի արցունքե մաքրության պղտորումը: Եվ թախիծը, որ ճնշել է սիրտս. ահա թախիծիս կանչը՝ 1984 թվին.
Երազիս մեջ հարուստ էի`
Ճոխ գանձով` հանց թագավոր,
Բայց և գաղտնի ցավ ունեի,
Վիշտ ունեի խորախոր:
Իբրև ժամեր, իբրև օրեր,
Ես քարացած ճամփորդ լուռ,
Շրջում էի անտուն, անսեր
Արքայության մեջ տխուր:
Իբրև ժամեր, իբրև օրեր
Չէի գտնում փրկություն.
Չկար ճամփա, չկար մի դուռ,
Որ ինձ տաներ դեպի տուն:
Ու հասկացա, երբ արթնացա,
Որ քնած, թե հարթմնի
Ինձ ճնշում է ահեղ մի ցավ`
Ցավը հիվանդ Սևանի...
Այսօր հանդիպեցի Լճին: Լիճը առողջանում էր: Ջուրը ուրախության արցունքերից էր – մաքուր, անքեն: Նա պատրաստ էր մոռանալու մարդու դավաճանությունը:
Մենք էլ կարող ենք առողջանալ: Մաքրվել: Զուլալվել: Մոռանալ մերազն դավաճաններին: Ապրել: Անքեն ու ազատ ապրել – ինչպես ոսկեպուտ իշխանը՝ Սևանա ջրերի մեջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.drnoyan/posts/4681645819636?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել