Armenpress.am-ը գրում է․
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել Է Գրոզնիում ոստիկանների վրա հարձակված երկու գրոհայինների ոչնչացման մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Կադիրովը նաև նշել է, որ հանցագործների ինքնությունը պարզվել է:
«Երկուշաբթի օրը դանակներով զինված երկու ահաբեկիչ փորձել են առգրավել ՊՊԾ աշխատակիցների զենքը, որոնք ծառայություն են իրականացրել Գրոզնիի կենտրոնում։ Միջադեպի ժամանակ ոստիկան է զոհվել: Ոստիկանների պատասխան կրակով հարձակվողները ոչնչացվել են»,- Կադիրովն այս մասին գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ տուժել է նաև իրավապահ մարմինների մեկ աշխատակից, սակայն նրա վիճակը կայուն է։ Չեչնիայի ղեկավարը հայտնել է, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և տուժածներ չկան:
«Հանցագործների ինքնությունը պարզված է»,- գրել է Կադիրովը:
Նրա տվյալներով՝ նրանք Ինգուշեթիայից երկու եղբայր են՝ Հասանը և Հուսեյնը, որոնք 2012 թվականին տեղափոխվել են Չեչնիա, որտեղ աշխատանքի են տեղավորվել փռերից մեկում: