Panorama.am-ը գրում է․

«Մեր պատգամավորական թիմը մեկ շաբաթ առաջ է եղել Սյունիքում, ուսումնասիրել է իրավիճակն ու եղած խնդիրները»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով, իշխանությունը և իշխանական պատգամավորները պետք է Սյունիքում լինեին այն ժամանակ, երբ սյունեցիները փակել էին ճանապարհը և Նիկոլ Փաշինյանին ներս չէին թողնում։

«Եթե դուք դա չեք կարողացել անել, հիմա մեզ հրավիրում եք Սյունիք...։ Մենք երբ ուզենք, կարող ենք գնալ։ Իսկ դուք չեք կարող գնալ»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

Մինչ պատգամավորը կշարունակեր խոսքը, իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը տեղից բղավեց. «Քեզ ո՞վ է ասում, որ ես չեմ կարող գնալ Սյունիք։ Մենք չենք կարողացել գնալ, քանի որ ձեր դեմը փակել են»։

Ի պատասխան Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք Տաթևով են գնացել, շրջանցել են ճանապարհը, քանի որ վարչապետի դիմաց փակ է եղել ճանապարհը։

Արմեն Խաչատրյանը կրկին միջամտեց խոսքին, որին հաջորդեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի սաստող կոչը. «Պարո՛ն Խաչատրյան»։

Թեև Արմեն Խաչատրյանը չլռեց, այնուամենայնիվ, Էդմոն Մարուքյանը շարունակեց խոսքը՝ ասելով, որ Արմեն Խաչատրյանը՝ որպես Սյունիքից ընտրված պատգամավոր, լավ կանի մանդատը վայր դնի՝ դրանով ցույց տալով իր բողոքը։

«Եվ երբ ես ելույթ եմ ունենում, մի տարեք իմ ժամանակը։ Կոնկրետ վարչապետը չի գնացել, չի կարողացել հասնել Սյունիք»,- նշեց Մարուքյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել