168.am-ը գրում է․

Բուն զորակոչը՝ համալրումը, տեղի է ունենալու փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը: 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը:

«Այսինքն, որ պետք է արդեն նստեցնենք ավտոբուսներ և ուղարկենք, դա սկսվելու է փետրվարի 1-ից»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է պատերազմի ելքով պայմանավորված հնարավոր ինչ-ինչ փոփոխություններին՝ կապված Արցախում զինվորական ծառայություն  իրականացնելու  հետ, Ավթանդիլյանը նշեց. «Դա իմ պատասխանելու հարցը չէ, բայց ղեկավարությունն արդեն քննարկում է: Հենց դրա պատասխանը կունենամ, կներկայացնեմ»:

Գնդապետն այս համատեքստում հատուկ շեշտեց, որ զորացրման ժամկետների երկարաձգում չկա՝ ում ժամկետը երբ լրանա, այդ ժամանակ էլ զորացրվելու է:

Ինչ վերաբերում է արձակուրդ եկած և այնուհետ զինծառայության վերադարձող զինծառայողների անվտանգության խնդիրներին, երբ դեպքեր են լինում, Ադրբեջանը խոչընդոտում է նրանց շարժը դեպի Արցախ, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետը նշեց, որ մինչ օրս նման խնդիր չեն ունեցել, բայց առավոտյան նման մի դեպքի մասին լսել է:

«Հավաքակայանում հավաքում ենք զինվորներին, նստեցնում ենք ավտոբուս և ուղարկում Արցախ: Այնտեղից նույն քանակությամբ հետ ենք բերում: Միակողմանի չենք տանում, այստեղից տանում ենք, այնտեղից՝ բերում»,- նշեց Ավթանդիլյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել