ապա դա կրո՜նն է ցեղային հպարտության, ուժի եւ արիության...՚ : Նժդեհը հին հավատքին վերադառնալու կոչ չի անում, քանզի հասկանում է դրա միամտությունն ու հնարավոր վտանգավոր հետեւանքները: Այնուհանդերձ, նա չի՜ թաքցնում իր համակրանքը դեպի Հայոց հին կրոնը եւ մեր հեթանոս անցյալը: Լսենք իրեն. ՙԱյս կամ այն ցեղը մոտավոր ճշտությամբ դիմագծելու համար, նրան պիտի դիտել իր հոգու հայելիի՝ իր կրոնի մեջ... Իր մտաբարոյական զարգացման չափով, ցեղն իր կրոնի մեջ դնում է իր հոգեբանական գծերը, իր աշխարհզգացությունը, իր բնազանցական էությունը: Հայը լինելիական է,- հաստատում է հայոց հեթանոս կրոնը: Լինելիակա՜ն է հայը - ահա՜, ակն ու աղբյուրը մեր մեծ Հույսի ու Զորույթի՚ : Նա հիացմունքով է խոսում ՙնախաքրիստոնեական հայու անգերազանցելի մարդկայնության եւ բարձրորեն ասպետական ոգու մասին՚:
Վահագնա-Անահտական Հայաստանում ես տեսնում եմ այնպիսի հոգեգծեր, առաքինություններ, որոնք պիտի բաղձալ մեր՝ որքան գոռոզ, այնքան հոգեպես աղքատ ու տմարդի դարաշրջանին՚: Նա տեսնում է նաեւ հեթանոս հայի հոգեւոր կերպարի համամարդկային արժեքը եւ գտնում, որ նրա ՙմարդկայնացուցիչ գաղափարներով պիտի թթխմորել Արեւելքի հոգեւոր հացը՚ : Նժդեհը հակաքրիստոնյա չէ, բայց նաեւ Քրիստոսի ուսմունքի մոլեռանդ պաշտպանը չէ. մեզ նույնիսկ համարում է ՙզոհը քրիստոնեական բարոյախոսության, որ շարունակում է մնալ որպես ներկ եւ շպար, որպես քող եւ դիմակ ուժեղների հոգու համար՚ : Նա հարգում է Նազովրեցու անձը՝ իբրեւ գաղափարի հերոս, իբրեւ Աստվածամարդ, սակայն համարում է նրան ցնորապաշտ (ուտոպիստ - Մ. Լ.), իսկ նրա խոսքը՝ վսեմ, բայց թյուրըմբռնման, ավելի շուտ՝ տառացի ընկալման դեպքում՝ վտանգավոր: Առհասարակ, հետաքրքիր են Քրիստոսի անձի՝ նժդեհյան արժեւորումները. ՙՔրիստոսը սիրում էր, որովհետեւ ուժեղ էր, նա սիրում էր, որովհետեւ սիրելու եւ ներելու չափ հզոր էր... Նա զոհաբերեց, որովհետեւ գաղափարի հերոս էր: Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել՚ : Կամ՝ ՙՎերացնելով մահվան ու կյանքի միջեւ գոյություն ունեցող անջրպետը, Նազովրեցին ժխտեց մահը, որով եւ հանդիսացավ հավիտենական սերմնացանը ոգու հսկաների՝ սրբերի, նահատակների, հերոսների՚ :
Ուշագրավ է նաեւ քրիստոնյայի՝ նժդեհյան ըմբռնումը. ՙՔրիստոնյան նա՜ չէ, ով քրիստոնեական վարդապետության տարերքը սխալ է հասկացել, ընկել նախապաշարումների ցանցի մեջ եւ տկարացել կորչելու աստիճան, այլ նա՜, ում մեջ մի քիչ քրիստոսություն կա - մի կայծ ամենահզոր Աստվածամարդու հոգուց՚ :
Նժդեհը ոչ թե հարց է դնում Հայ եկեղեցու վերացման, որը ՙսխալ է ըմբռնել քրիստոնեական սիրո խորհուրդը եւ դրա հետեւանքով՝ ամբողջ դարեր պատճառ դարձել մեր ժողովրդի անօրինակ ողբերգության՚, այլ՝ նրա ազգայնացման, գաղափարական վերագնահատման: Հայ եկեղեցին ՙվերագնահատումի պիտի ենթարկե քրիստոնեական սիրո իր սխալ ըմբռնումը՚, Քրիստոսի անձնական կյանքը դարձնի իրեն ուղեցույց, ՙսիրո եւ զոհաբերության ընդունակ արի ժողովրդի մասին պիտի խոսի, եթե ուզում է, որ քրիստոնեության հետքերը մնան Փոքր Ասիայում եւ Հայաստանում՚: ՙԻնքնապաշտպանությունը հայ ժողովրդի - ահա՜ Հայ եկեղեցու նոր հավատամքը՚,- եզրակացնում է Նժդեհը :
Որպես ցեղապաշտ, Նժդեհը մեր հաղթանակի մեջ ապավեն է տեսնում նաեւ Ցեղի ուժակիր աստվածներին՝ Հայկին ու Վահագնին, որոնք ՙպիտի բարձրացնեն շանթընկեց մեր բազուկը եւ վարեն նրա հարվածները՚ :
Իբրեւ արիապաշտ եւ զորութենատենչ, Նժդեհը էական դեր է հատկացնում Վահագնապաշտությանը. ՙՎահագնի հետ պիտի խոսենք հիմա՝ Աստվածը հին արիական հայության: Մի նոր սուրբ գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը՝ ավետարանը արիների՚, գրում է Նժդեհը: ՙՀայ ժողովրդի հավաքական հոգու մեջ հրամայողաբար հարություն պիտի առնի պաշտամունքը մեր հին եւ հզոր Աստծու: Վահագնի համար տաճարներ պիտի բարձրանան... ամեն տեղ, ուր կապրի հայը՝ ամեն մի հոգու մեջ, քանզի արիությունն է եղել հավիտենական պարտականությունը այն ազգերի, որոնք չեն ուզում մեռնել: ՙԱրիացի՜ր, արիացրո՜ւ՚. սա՜ պիտի լինի մեր օրվա նշանաբանը: Վահագն՝ Աստված, արիապաշտությունը՝ նոր կրոն, հայ մարդն՝ արի՜, եթե չենք ուզում մեր տեղն արեւի տակ մի օր զիջել մեզնից արիներին՚ : Եվ հենց Վահագնի աջի վրա է ցեղակրոնը տալիս իր սրբազան երդումը, ուխտելով՝ ՙապրել, գործել ու մեռնել որպես ցեղամարդ՚ :
Սակայն Նժդեհը չի հակադրում Վահագնին եւ Քրիստոսին, կամ՝ հայկականն ու քրիստոնեականը, այլ՝ դրանք խորքում տեսնում է համադրելի: ՙՍկզբից ի վեր հայությունն ու իր քրիստոնեությունը ձուլված են ի մի բնություն՚: Եվ, միաժամանակ, նա հետաքրքիր բացահայտում է անում. ՙԱններելի սխալ է կրոնական կրքով բացատրել հայու հավատարմությունը քրիստոնեության հանդեպ: Հայ հոգուն անծանոթ է ֆանատիզմը... Տիրապետող գիտակցությունը հայու մեջ վաղուց է ինչ ազգայինն է... Նա շատ վաղ հայացրեց քրիստոնեությունը: Հայկականությունն է հայու ճշմարիտ կրոնը՚ :
Այսպիսով, Ցեղակրոնությունը դավանանքը ստորադասում է ազգությանը, նշանաբանելով՝ ՙՑեղը ամեն բանե վեր՚: Այն պայքար չէ՜ քրիստոնեության կամ Հայ եկեղեցու դեմ եւ պահանջ չի՜ դնում կրոնափոխության, այլ՝ հիշեցնում է միայն, որ հին աստվածները վկաներն են մեր ծնունդի եւ մարմնավորողը՝ մեր ցեղային որակների: ՙՑեղային ձգտումներու լավագույն մեկ արտահայտությունն է մեր հեթանոսական կրոնը, որ մեզի կներկայանա իբրեւ ցեղային արժեքներու խտացում մը՚. այսպես է մեկնաբանում հին հավատքի նկատմամբ Ցեղակրոնության մոտեցումը Արմենակ Բարսեղյանը՝ իր ՙՑեղակրոն շարժումը՚ գրքույկում;
* * *
Ցեղակրոնությունը նախնադարին վերադառնալու կոչ չէ՜, ինչի համար, հաճախ, անհիմն կերպով քննադատվել է: Նա ո՜չ թե նախնական նահապետական կյանքը, այլ՝ մեր խաթարված ցեղային ինքնատիպությունը վերականգնելու ձգտում է: Դա ո՜չ թե Հայկի նետ ու աղեղով, այլ՝ Հայկյան ոգո՜վ կռվելու պատգամ է: Միաժամանակ, նա չի՜ քարոզում անցյալից հրաժարում կամ ապագայի անգործ սպասում: Ցեղակրոնությունը հետադարձ հայացք է դեպի մեր արմատները, եւ, այդ արմատների հզորությունից ներշնչված՝ վստահ ու հաստատուն կեցվածք ապագայի նկատմամբ: ՙՑեղակրոնությո՛ւն, դա անցյալապաշտություն չէ՜, ո՜չ էլ՝ հոգեւոր պորտաբուծություն, ինչպես եւ՝ ո՜չ ծույլ հուսադրություն, ո՜չ էլ՝ մեղկապագայապաշտություն: Անցյալի պաշտամունքի եւ ապագայի մեծ հույսի ստեղծագործ կենակցությունն է դա, որ ժողովրդի հոգուն ամենաշքեղ հղացումներ է տալիս՚ :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել