(Գործեր, փորձեր, հոգսեր)
Գործեր 1 Ամպերը հղի անձրևով ոչինչ չեն խոստանում: Համենայն դեպս ոչ մի լավ բան: Ապակուն կտկտացնում են ու վերջ, կարծես դրանով ամեն ին ասված է:
- Մաթա՛, միգուցե չգնաս, եղանակը վատն է: Մնա վաղը կայցելես, չէ՞ որ հրատապ չէ:
- Մա՛մ, ի՞նչ ես ասում, ուղղակի մաղում է, վտանգավոր ոչինչ չկա: Եթե անհրաժեշտ է, ուրեմն…մա՛մ, միշտ ցանկացել եմ հարցնել, այդպես էլ չի ստացվել: Դա ի՞նչ անուն է՝ Մագթաղ, որ դրել եք հայրիկի հետ միասին: Միևնույն է բոլորն ինձ Մաթա են ասում:
- Դա իմ մորաքրոջդ անունն է, խեղճ կինը այդպես էլ քեզ չտեսավ, մահացավ քո ծնվելու հաջորդ օրը, նա սուրբ էր մեր գերդաստանի համար, կույս, անտանելի հավատացյալ ու միշտ երազում էր, որ իմ առաջնեկին ինքը պետք է պահի մեծացնի: - Կո՞ւյս, քանի՞ տարեկանում մահացավ, ինչ որ չեմ հիշում, որ պատմած լինես:
- Վաթսունյոթ, նրա մահից հետո իրերի մեջ հայտնաբերեցի մոմլաթե մի կտոր, հիմա ցույց կտամ: Մայրը ննջարանից բերեց մի փոքրիկ մոմլաթե կտոր ու տվեց Մաթային: Կտորի վրա քիմիական մատիտով գրված էր. « N 36 - աղջիկ, Մագթաղ Սիմոնի Մելիք- Օհանջյան, 11.03.1943 թ.»:
- Սա նրա ծնվելու ժամանակվա ոտքի նշագիրն է, այն ժամանակ այդպես էր, մի տես է, ինչքան ժամանակ էր պահել: - 36, սա մեր բնակարանի համարն է, հետաքրքիր է:
- Ուշադրություն չէի դարձրել, ճիշտ որ: Մաթա մնա այսօր տանը կամ միգուցե տաքսի կանչես: - Մա՛մ, քեզ ի՞նչ եղավ: Ես լավ եմ վարում մեքենան, միայն մի խնդրանք, տանեմ սա ցույց տամ Սերգեյին, նա սիրում է հին բաներ:
- Տար, բայց կբերես, լա՞վ: Մաթան հագնվեց, հետո հետո սկսեց ման գալ մոմլաթե կտորն ու չգտավ: «Լավ դա այնքան էլ կարևոր չէ, հետո ցույց կտամ»: Միջանցքից բղավեց - Ես գնացի, ո՛ւշ եմ գալու, չանհանգստանաս, մամ:
2 Ասֆալտը թաց էր: Ամպերն արդեն ծննդաբերել էին բազմաթիվ կաթիլներ ու ուղարկել էին գետին: Մեքենայի շարժիչը միանգամից աշխատեց ու Մաթան գոհ, սեղմեց արագության ոտնակը: Ինչո՞ւ հագա երկարաճիտ, բարձրակրունկ կոշիկներ, չէ՞ որ միշտ հիշում էի, որ հարմար չեն մեքենան վարելու: Մթնշաղ էր ու լավ տեսանելի էին միայն լուսաֆորի գույները: Բազմաթիվ ծառերի ստվերներ խաբուսիկ երևում ու անհետանում էին աչքերի առաջ, բայց մեքենան վստահ վարող Մաթան համոզված էր, որ այդ ժամին մարդիկ չեն կարող լինել ճանապարհին՝ իր ճանապարհին: Սերգեյն արդեն երրորդ օրն էր ինչ վերադարձել էր արտասահմանյան գործուղումից ու հիվանդ պառկած էր: «Տեսնես որտե՞ղ է մրսել: Ինչո՞ւ հենց այսօր կանչեց ծանոթացնելու ծնողների հետ, ինչո՞ւ այս ժամին: Չնայած ընդամենը ժամը քսանմեկն է, բայց ամեն դեպքում լավ կլիներ…» Հաջորդ լուսաֆորն էլ էր կանաչ՝ վերջին լուսաֆորը, որտեղից պետք է ձախ թեքվեր: Սեղմեց ոտնակը ավելացնելով արագությունը, որ հասցնի անցնել կանաչ լույսի տակ: Մնացել էր ընդամենը մի քանի մետր խաչմերուկի անցումն ավարտելուն, երբ զգաց որ կողքից հարվածեցին…
3 Երբ փրկարարները դուրս էին բերում աղջկա դիակը մեքենայից, մոտեցավ հարվածող մեքենայի վարորդը: Տարեց ճաղատ մարդ էր:
- Հույս չկա՞, տղաներ:
- Ո՛չ, վերջացած է, գեղեցիկն է, կլինի քսաներկու-քսանհինգ տարեկան: Դո՞ւք էիք մեզ կանչել:
- Այո, և Ձե՛զ, և ոստիկաններին և շտապօգնություն: Հիմա ի՞նչ է լինելու իմ վիճակը: - Դե որ չեք փախել դեպքի վայրից, միգուցե…բայց շատ երիտասարդ էր… Տղամարդն անօգնական նստեց մայթեզրին: Աչքերը կարմիր էին, տրօրինակ: Տարօրինակ էին նաև ոստիկանների գործողությունները, քանի որ նրանից գալիս էր խմիչքի հոտ: Փորձեր 1
Ամպերից երկինքն ազատվել ու թափանցիկ էր: Չնայած ժամն արդեն քսանմեկն անց էր, բայց պարզ երևում էր հողագունդը: Սպիտակ դեմքով սեռը չերևացող մի էակ էր նստած աշխատանքային սեղանի ետևում: Սեղանին անկանոն թափված էին բազմաթիվ թղթեր՝ անուն, ազգանուններով: Ամեն անուն ազգանուն ուներ երկու թուղթ, իրար սոսնձած՝ հոգու և մարմնի: Նա պետք է դասակարգեր մահացածների հետագա ուղին, թե ում, ուր… Աշխատասենյակ մտավ նրա երկվորյակն ու սեղանին դնելով ևս մի թուղթ, որի հերթական համարը 36 էր, փորձ արեց հեռանալ:
- Ինչո՞ւ է մեկ թուղթ, Նաթան:
- Չգիտեմ, տարօրինակ է, մարմինը կա, հոգին չկա, մի երիտասարդ աղջիկ է, ավտովթար: Կյանքում ոչ մի վատ բան չի արել, երևի չի հասցրել վատն անելու:
- Այդպես չի լինում, ինչ որ բան կարգին չէ, միգուցե հայտնե՞մ վերև: Այսօր հոգնած եմ:
- Սուլան էլի չկա այսօր, էլի փախել է Երկիր: Նորից վերադառնալու է հարբած: Ես էլ զզվել եմ նրան պատժելուց: - Իսկ աղջկան հարվածողի դիա՞կը, հոգի՞ն, չե՞ս հետաքրքրվել:
- Ո՛չ, նրա հետ ամեն ինչ նորմալ է, մի քանի քերծվածքներ միայն: Դեպքի վայրից չի փախել, կանչել է օգնություն, հիմա էլ մայթեզրին նստած ագահորեն ծխում է:
- Ոստկանները չե՞ն տարել նրան, ինչո՞ւ: - Չգիտեմ, կասկածելի գործ է, հոգնել եմ, թող գնամ հանգստանալու, վաղը կպարզենք: - Ուշ կլինի, ապա ցույց տուր նրան, տեսարանը պա՞րզ է:
- Պա՛րզ է, մոտեցիր երրորդ հարկի երեսունվեցերորդ սենյակի պատուհանին կտեսնես, ես գնացի, դեռ պետք է մնացածի ներկայությունը ստուգեմ: Մոտեցավ պատուհանին ու նայեց ներքև: Տեսավ այն ինչի մասին որ կասկածում էր: Իր երկվորյակն այդպես էլ չսովորեց մինչև վերջ գործերն ավարտել: Մայթեզրին նստած ծխում էր Սուլան:
- Հիմա՛ր, ես քեզ դժողք կուղարկեմ, հիմա արդեն քո հովանավորը քեզ չի կարող օգնել: Կռացավ պատուհանից կիսով չափ կախվեց, ձեռքը երկարեց ու դանդաղ վեր քաշեց ճաղատ մարդուն:
2 Մինչև աշխատասենյակ ոչ մի բառ չասած: Զգում էր ետևից գլխիկոր քայլող ճաղատի՝ Սուլայի վրայից եկող էժանագին խմիչքի դառնահոտը: Երբ նրա ետևից դուռը փակեց, մոտեցավ ու ապտակեց:
- Դու հասկանո՞ւմ ես ինչ ես արել, դու դեմ ես գնացել մեր օրենքներին, դու դեմ եմ ես եղել նաև Նրանց օրենքներին՝ հարբած մեքենա ես վարել: Իսկ ո՞ւր է հոգին այդ խեղճ աղջկա, դե բնական է բաց ես թողել պահը, հիմա՛ր չքվիր աչքիցս ու պատրաստվիր աքսորի:
- Ես մոռացել էի, որ մութ ժամանակ իմ կարմիր աչքերը կարմիր գույնը չեն տեսնում, ինձ չե՞ս ների վերջին անգամ, շատ եմ խնդրում…
- Հասկացիր, որ քո չքվելուց հետո ոստիկանությունը քեզ է փնտրելու, իսկ աղջկա ծնողները… Գոնե պահը բաց չթողնեիր, գոնե գցեիր կոմայի մեջ, այդ ժամանակ ես կարող էի օգնել նրան, խեղճ աղջիկ:
- Ես կօգնեմ, ինչ որ ասես կանեմ, միայն թե…մտքումս երեսունվեցերորդ սենյակն էր, մեզ մոտ…ես ոչինչ չէի հասկանում այդ պահին:
- Ո՞վ է այնտեղ, ինչ որ չեմ հիշում:
- Մի պառավ օրիորդ է, կարծես թե դեռ մեր, ավելի ճիշտ նրանց թվարկությունից առաջ:
- Դու դեռ կատակո՞ւմ ես: Հա հիշեցի, Մաթան է, բայց նա սուրբ է, եթե նրա հոգին փոխառնենք նա կվերանա, իսկ նրան ընդամենը մեկ փորձություն է մնացել յոթերորդ երկինք գնալու: Տեսնո՞ւմ ես ինչ արեցիր:
- Արագ կողմնորոշվիր, քիչ ժամանակ է մնացել, եթե աղջկա դին հասնի դիահերձարան, էլ ոչինչ չենք կարող անել…
3
Երբ մտավ երեսունվեցերորդ սենյակ, ծեր օրիորդն աղոթում էր: Չնայեց նույնիսկ նրա կողմը: Աղոթում էր մի ինչ որ աբեղայի համար, ինչ որ բան էր խնդրում:
«Մինչև հիմա ո՞վ է հասկացել օրիորդներին, որ ես հասկանամ» - մտածեց Սուլան: Ետևից մոտեցավ, բռնեց մազերից, բարձրացրեց, հետո մազերը թողեց ու երկու ձեռքերով բռնեց կոկորդն ու սկսեց դանդաղ սեղմել…
4
Սեռ չունեցող երկվորյակներից մեկը՝ Վալուկեն, զեկուցում էր Գլխավորին:
- Հարյուր տասնչորս դեպք, ոչ մի արտառոց բան, ամեն բան գնում է իր հունով:
- Լավ է, այսօր դեպքերը քիչ են: Ի՞սկ այն անբանը, որի համար խնդրել եմ…
- Ճաղա՞տը, լավ է աշխատում, դեռ սովորում է, ոչինչ, նրա՞ նմանների ենք սովորեցրել:
- Բայց շատ երես չտաս: Ուրի՞շ, եթե էլ բան չկա ասելու…
- Հա, մոռացել էի, երեսունվեցերորդ սենյակն ազատ է, այն հին օրիորդը կյանքին վերջ տվեց, չդիմացա՛վ: - Բայց նա, Մաթա՞ էր չէ անունը:
- Այո, պետք է յոթերորդ երկինք ուղարկեինք, բայց ոչինչ, Նաթայի միջոցով ուղարկեցի դրախտ: Վատ ավարտ չէ:
Հոգսեր
1 «… Տեսնես որտե՞ղ է մրսել: Ինչո՞ւ հենց այսօր կանչեց ծանոթացնելու ծնողների հետ, ինչո՞ւ այս ժամին: Չնայած ընդամենը ժամը քսանմեկն է, բայց ամեն դեպքում լավ կլիներ…» Հաջորդ լուսաֆորն էլ էր կանաչ՝ վերջին լուսաֆորը, որտեղից պետք է ձախ թեքվեր: Սեղմեց ոտնակը փորձելով ավելացնել արագությունը, որ հասցնի անցնել կանաչ լույսի տակ: Մնացել էր ընդամենը մի քանի մետր խաչմերուկի անցումն ավարտելուն, երբ զգաց որ…կոշիկը խանգարում է սեղմել ոտնակը: Ոտքի բութ մատի մոտ ցավ զգաց ու քաշեց ոտքը ետ: Ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա մի սև «Վոլգա» սլացավ խելակորույս արագությամբ: Վոլգայի ղեկի մոտ նստած ճաղատ մարդը նույնիսկ չզգաց թե ինչ արեց ու շարունակում էր սլանալ…
2
Դուռը բացեց հաճելի արտաքւնով մի կին: «Սերգեյի մայրն է» - անցավ մտքով: - Համեցեք, մենք սպասում էինք Ձեզ: Սերգեյը տանը չէ, իր հայրիկի հետ դուրս է եկել:
- Բայց ինձ ասաց, որ հիվանդ է:
- Հանգամանքներ, ի՞նչ կարող եմ անել, չլսեց ինձ, հորը չթողեց մենակ գնալու ոստիկանություն; Պատկերացնո՞ւմ եք մի երկու ժամ առաջ իմացանք որ մեր մեքենան՝ մեր սև «Վոլգան» բակից գողացել են: Դուք հանվեք, հիմա մենք թեյ կխմենք ու կծանոթանանք ինչպես ասում են մոտիկից: Մաթան անձրևանոցը կախեց կախիչից: - Իսկ, կոշիկները:
- Մեզ մոտ չեն հանում, բայց հանեք, ավելի հանգիստ կլինի: Մաթան երբ հանեց աջ երկարաճիտք կոշիկը, կոշիկի միջից ընկավ մոմլաթե մի կտոր: «Ինչպե՞ս է հայտնվել կոշիկիս մեջ, այ քեզ բան, իսկ ինձ թվաց թե ընկել է սենյակում:» Հատակից, Սերգեյի մոր զարմացած աչքերի առաջ, բարձրացրեց ու մի անգամ ևս կարդաց: « N 36 - աղջիկ, Մագթաղ Սիմոնի Մելիք- Օհանջյան, 11.03.1943 թ.»: