Hraparak.am-ը գրում է․

Այս պահին լարված իրավիճակ է Երևան-Սևան մայրուղում։ Բազմաթիվ քաղաքացիներ, հիմնականում՝ Չարենցավան քաղաքի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, անհնազանդության ակցիա են իրականացնում Երևան-Սևան մայրուղում՝ փակելով մայրուղին։ Այդպիսով նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության դեմ՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։

Սակայն Չարենցավանի ոստիկանությունը կոշտ միջամտություն է ցուցաբերում ակցիայի մասնակիցների նկատմամբ՝ պահանջելով բացել ճանապարհը։ Ակցիայի կազմակերպիչներից ՀՀԿ Չարենցավանի տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Օհանյանն ասաց, որ սա իրենց խաղաղ բողոքի ակցիան է մեր արժանապատվության, մեր ինքնասիրության համար և ընդդեմ երկրում տիրող դավաճանական քայլերի, ուստի իրենք այս քայլով դրանով պահանջում են վարչապետի հրաժարականը, քանզի նրա՝ մեկ րոպե ավել մնալը վնաս է մեր երկրին ու մեր հայրենիքին։ Բայց ոստիկանները պնդում էին, որ պետք է բացել ճանապարհը։ Դրա համար նրանք երեք րոպե «ողջամիտ» ժամանակ տվեցին ակցիայի մասնակիցներին՝ բացելու մայրուղին։

Օհանյանն էլ ասաց, որ իրենք ժամանակավոր են փակել, չեն կարող այս պահին բացել, ակցիան կավարտվի՝ կբացեն։ Սակայն ոստիկանության ինչ-որ պաշտոնյա հրահանգեց բերման ենթարկել նրան։

Նշենք, որ տեղում է նաև Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Էդուարդ Սիրականյանը, ով էլ ղեկավարում է ոստիկանության աշխատանքները։ Նա պարբերաբար պնդում էր, թե խոչընդոտում են քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը՝ մոռանալով, որ ակցիա անելը ևս քաղաքացիների սահմանադրական իրավունքն է, և որ 2018-ին էլ հենց այս ճանապարհով Նիկոլ Փաշինյանն եկավ իշխանության, և իրենք՝ ոստիկանները, չէին ընդդիմանում դրան, թողնում էին, որ Փաշինյանն ու իր թիմը օրերով հանրապետության փողոցները փակած պահեր, պարալիզացներ երթևեկությունը։ Այսօր նրանք դեմ են գնում այդ սկզբունքներին ու արժեքներին՝ թույլ չտալով, որ քաղաքացիներն իրենց խաղաղ անհնազանդության ակցիան իրականացնեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել