Պատմություն ուսումնասիրելիս դպրոցում մենք շատ ճակատամարտերի մասին ենք անցել, ոմանց մասին` մանրամասն, ոմանց մասին էլ` հպանցիկ: Այս անգամ ձեզ կներկայացնեմ 10 պատմական ճակատամարտ, որոնք հարաբերականորեն քիչ են հայտնի, իսկ ոմանց համար էլ ընդհանրապես անհայտ են, բայց որոնք մեծ պատմական նշանակություն են ունեցել:

10. Տուրի ճակատամարտը, 732

tours

6-րդ դարում մահմեդական բանակները ժանտախտի նման տարածվում էին բոլոր ուղղություններով և հերթով ջախջախում էին առանձին տերությունների և գերտերությունների, հսկայական տարածքներ էին զավթում: 7-րդ դարի սկզբին Լիբիայի այժմյան տարածքից բերբերների զորքը ափ իջավ Իսպանիայում և սկսեց դրա զավթումը՝ Ումմայադական դինաստիայի դրոշների ներքո: Բերբերները շատ արագ զավթեցին Իսպանիայի հարավը և արագորեն սկսեցին ավելի հեռուն շարժվել` աստիճանաբար մոտենալով Ֆրանսիային: 

Սա Արևմտյան Եվրոպայի իսլամիզացման առաջին ու ամենախոշոր փորձն էր, և եթե հրաշք չպատահեր, առաջադեմ արաբներին կհաջողվեր զավթել Մութ դարերում գտնող Արևմտյան Եվրոպան, որը Հռոմի անկումից հետո էական ռեգրես էր ապրել: Բայց հրաշքը պատահեց, և այդ հրաշքը կատարվեց Տուրի ճակատամարտի ժամանակ. ֆրանկների զորքը՝ արքա Շարլ Մարտելի գլխավորությամբ, բախվեց բերբերների հիմնական ուժերի հետ: Մինչ Տուրի ճակատամարտը արդեն մի քանի բախումներ եղել էին, որոնց ժամանակ ֆրանկները պարտություններ էին կրել:
Տուրի ճակատամարտից առաջ մահմեդականները կորցրել էին իրենց զգոնությունը և զբաղված էին հարակից գյուղերի թալանով, երբ նրանց հարվածեցին ֆրանկները: Արյունահեղ ճակամարտն ավարտվեց հօգուտ քրիստոնյաների, իսկ ումմայադական բանակը նահանջեց դեպի Հարավային Իսպանիա: Ոչ մի ուրիշ մուսուլմանական բանակի այլևս չհաջողվեց այդքան խորը ներթափանցել Արևմտյան Եվրոպայի սիրտը: 

9. Ցուսիմայի ճակատամարտ, 1905

tsushima

Քչերը գիտեն, որ 20-րդ դարի առաջին խոշորագույն պատերազմը ոչ թե Առաջին համաշխարհայինն է եղել, այլ ռուս-ճապոնական պատերազմը, որը մղվում էր Արևելյան Ասիայում գերիշխանության համար, և որն ավարտվեց Ճապոնիայի շռնդալից հաղթանակով: Այս պատերազմի ելքը կանխորոշվեց Ցուսիմայի ծովամարտով, որն առաջինն էր, որի ժամանակ կիրառվեցին հաղորդակցության էլեկտրական միջոցներ, և քանի որ նորարարության կիրառողը ճապոնական կոմն էր, ռուսական ռազմական նավատորմը գրեթե գլխովին ջախջախվեց: Արդյունքում Ռուսաստանը կորցրեց Կորեան, հրաժարվեց Մանչժուրիայի նկատմամբ իր ունեցած նկրտումներից, ինչպես նաև կորցրեց Սախալին կղզու կեսը: Պարտությունն այնքան ցավագին էր, որ Ռուսաստանն այլևս երբեք չկարողացավ վերականգնել իր ազդեցությունն այդ տարածաշրջանում, անգամ երկու անգամ Միլիտարիստական Ճապոնիայի զորքերը ջախջախելուց և Սախալինի հարավային հատվածն ու Կուրիլյան կղզիախումբը խլելուց հետո:

8. Մետաուրոսի ճակատամարտ, մ.թ.ա.207 

punic
Այսպես կոչված Պունիկյան պատերազմները ժամանակի երկու գերտերությունների միջև տեղի ունեցած երեք պատերազմների շարքն է: Այդ երկու կողմերը երիտասարդ Հռոմեական կայսրությունն ու Կարթագենն էին, իսկ Պունիկյան պատերազմներին այսօրվա համարժեքը կլիներ, եթե Չինաստանն ու ԱՄՆ-ն երեք անգամ իրար հետ պատերազմեին՝ իրենց տրամադրության տակ գտնվող ողջ սպառազինության կիրառմամբ:
Պունիկյան երեք պատերազմներում էլ Հռոմը հաղթանակ տարավ, և եթե առաջին երկուսում Հռոմին այդ հաղթանակները սարսափելի թանկ գնով տրվեցին, ապա երրորդից հետո Կարթագենը, որպես այդպիսի, դադարեց գոյություն ունենալ: Այս պատերազմների ժամանակ եղան մի շարք հսկայական ճակատամարտեր, որոնց համեմատ Մետաուրուսի ճակատամարտը բավականին համեստ դրվագ է, բայց այն վճռորոշ նշանակություն ունեցավ Երկրորդ Պունիկյան պատերազմում:

Հաննիբալի եղբայրը՝ Հասդուրբալը, ով իր զորախմբով Իսպանիայից շտապում էր օգնության եղբորը, բախվեց հռոմեական կոնսուլ Ներոնի գլխավորությամբ գործող հռոմեական զորքին: Եթե Հասդուրբալը կարողանար միավորվել եղբոր հետ, ապա Հռոմը վստահաբար կընկներ, բայց Ներոնը ջախջախեց կարթագենցիների զորքը, իսկ Հասդուրբալի գլուխը ուղարկեց եղբորը: Արդյունքում Կարթագենը պարտվեց ու անէացավ, իսկ Հռոմը դարձավ պատմության ամենազորեղ ու երկարակյաց գերտերությունը:

7. Բլենհեյմի ճակատամարտ, 1704

Battle_of_Blenheim
Լյուդովիկոս 14-րդը միայն մեկ գերխնդիր ուներ, և այդ գերխնդիրը տարածաշրջանային խաղաղության ապահովագրումն էր: Այս խաղաղությունը ձեռք բերելու համար միակ խոչընդոտը Հափսբուրգներն էին, ովքեր իշխում էին այն ժամանակ Եվրոպայի գլխավոր գերտերություն Ավստրիայում: Այսպիսով, Լյուդովիկոսը հսկայական բանակ հավաքեց և շարժվեց ավստրիացիների վրա: Անհանգստացած ավստրիացիները կնքեցին «Մեծ դաշինքը», որի մեջ մտան Ավստրիան, Անգլիան, Հռոմը, Պրուսիան:

Երկու կողմերի բանակները հանդիպեցին իրար Բլենհեյն քաղաքի մերձակայքում: Դաշնակիցների բազմաթիվ գրոհները կոտրվում էին ֆրանսիական զինվորների պատի առջև, բայց ի վերջո անգլիացիներին հաջողվեց ճեղքել ֆրանսիացիների պաշտպանական ճակատը, և ֆրանսիական զորքը խուճապահար սկսեց փախչել` տալով հսկայական կորուստներ: Այսպես անէացավ ֆրանսիացիների անպարտելիության մասին միֆը, իսկ Ֆրանսիան միայն մեկ անգամ նորից փորձ արեց գրավել Եվրոպան, սակայն նապոլեոնյան Ֆրանսիայի անկումը ավելի սրընթաց էր, քան դրա բարձրացումը, իսկ ֆիասկոն` ավելի ամոթալի, քան Բլենհեյնյան խայտառակությունը:

6. Հասթինգսի ճակատամարտ, 1066

hastings
Բավականին տևական ժամանակ՝ հատկապես 8-9-րդ դարերում, Անգլիան գերիշխում էր իզոլյացիոնիզմը: Յուրացնելով բրիտանական կղզիները` անգլիացիները հանգիստ հետևում էին, թե ինչպես են մայրցամաքային Եվրոպայի պետություններն իրար ու իրենք իրենց հոշոտում ու կտորների բաժանում: Սա շարունակվեց այնքան ժամանակ, մինչև նորմանները չորոշեցին, որ բավ է անգլիացիք ազատ ունկնդրի կարգավիճակում լինեն, և ժամանակն է գրավելու նրանց:

Նրանք ներխուժեցին Բրիտանիա՝ Վիլհելմ Նվաճողի գլխավորությամբ, և մի քանի փոքր ճակատամարտերից հետո երկու կողմերի գլխավոր ուժերը հանդիպեցին Հասթինգսի ճակատամարտում: Նորմաններին հաջողվեց ճակատամարտի ժամանակ սպանել անգլոսաքսերի թագավորին, ինչը կանխորոշեց ճակատամարտի ու պատերազմի ելքը: Արդյունքում` պատմության մեջ առաջին անգամ անգլիական թագավորության գահին հայտնվեց օտարերկրացի, իսկ երկիրը բացեց իր դռները արտասահմանյան ազդեցության առաջ: Արդյունքում` անգամ լեզուն էական փոփոխություններ կրեց. արդի անգլերենի բառարմատների գրեթե կեսը ֆրանսիական ծագում ունի: Այնուամենայնիվ, սա վերջին անգամն էր, երբ օտարերկրյա բանակը կարողացավ ոտք դնել անգլիական հողի վրա:

5. Լեչվելդի ճակատամարտ, 955

lechfeld

8-րդ դարում Հունգարական թագավորությունը բուռն աճ էր ապրում և անընդհատ նորանոր հողեր էր զավթում: Հաստատվելով Արևելյան Եվրոպայում` հունգարացիք շարժվեցին դեպի արևմուտք: Միակ ժողովուրդը, որ ի զորու էր դիմակայել մադյարների առաջխաղացմանը, դա նոր-նոր որպես միացյալ ժողովուրդ ձևավորված գերմանացիներն էին, որոնք իրենց պատմության մեջ առաջին անգամ հանդես եկան միավորված բանակով:

Լեչֆելդի ճակատամարտում գերմանացիները ջախջախեցին հունգարացի նվաճողներին և մեկընդմիշտ վերջ տվեցին եվրոպական գերտերություն դառնալու հունգարական նկրտումներին: Սա նաև բացառիկ ճակատամարտ էր այն առումով, որ առաջին անգամ ծանր հեծելազորը վճռորոշ դեր ունեցավ մարտի դաշտում և այսպիսով կանխորոշվեց Եվրոպայի ռազմական դոկտրինը հետագա մի քանի դարերի համար, և ծանր հեծելազորն ավելի կարևոր դեր սկսեց խաղալ, քան նետաձիգները:

4. Էմմաուսի ճակատամարտ, մ.թ.ա. 166

jerusalem

Այս ճակատամարտում իրար դեմ էին դուրս եկել հրեական և հունական բանակները, որոնք պայքարում էին Երուսաղեմի համար: Հրեաները խաբկանք կիրառեցին` ստիպելով հույներին հավատալ, որ նրանք նահանջում են դեպի սարերը, մինչդեռ նրանց հիմնական ուժերը պառկած դարանակալել էին` սպասելով, թե երբ հունական զորքը դուրս կգա իր ճամբարից: Երբ հունական զորաջոկատի գլխավոր մասը նետվեց հետապնդելու սարերը փախած հրեաներին, մնացած հրեաները ներխուժեցին նրանց ճամբար, և վերադառնալով հույները հայտնաբերեցին, որ նրանց ողջ ռազմաթերքը ու պաշարողական զենքերը թալանված են ու ոչնչացված: Շնորհիվ այս հաղթանակի հրեաներին հաջողվեց պահել Երուսաղեմը, մինչև նրանք չառնչվեցին հռոմեացիների հետ:

3. Պոլտավայի ճակատամարտ, 1709

pultowa
16-րդ դարից սկսված ուժգին դիմակայության մեջ էին գտնվում Ռուսաստանն ու Շվեդիան, որն այդ ժամանակ իշխում էր Հյուսիսային Եվրոպայի մեծ մասի վրա և փորձում էր նվաճել նաև Ռուսաստանը: Ռուս-շվեդական դիմակայության կուլմինացիան Պոլտավայի ճակատամարտն էր: Ավելի վաղ շվեդերը լայնամասշտաբ ներխուժում էին իրականացրել և սկզբնական շրջանում բավականին զգալի հաջողություններ էին գրանցել:

Շվեդերի հաղթարշավի վերջը դրվեց Պոլտավա գյուղի մերձակայքում գտնվող դաշտում, որտեղ տեղի ունեցավ գլխավոր ճակատամարտը, որի ժամանակ ռուսական զորքերին առաջնորդում էր անձամբ կայսր Պյոտր Առաջինը, իսկ շվեդերին առաջնորդում էր Կառլոս 12-րդը: Արյունահեղ ճակատամարտի արդյունքը հիրավի պատմական էր, որովհետև դրա արդյունքում ոչ միայն գրանցվեց Շվեդիայի պարտությունը, այլև այն Ռուսաստանին զիջեց իր գերիշխող դիրքերը տարածաշրջանում:

2. Վալմիի ճակատամարտը, 1782

valmy
Ֆրանսիական հեղափոխությունից հետո մի քանի ճակատամարտեր եղան՝ Ֆրանսիայի առանձին տարածքներ վերահսկելու համար: Պրուսիան դավադրաբար ներխուժեց թուլացած Ֆրանսիա, որպեսզի գրավի այն ու իր գերիշխանությունը հաստատի, բայց պրուսական բանակն անակնկալի եկավ, երբ Վալմիի մոտ տեսավ, որ իրենց կազմ պատրաստ սպասում է ֆրանսիական բանակը:

Չնայած այն հանգամանքին, որ հենց նոր ավարտված հեղափոխությունից հետո կառավարությունը դեռ շատ հեղհեղուկ էր, իսկ Պրուսիայի բանակն ավելի մեծ էր ու ավելի լավ էր զինված, ֆրանսիացիները հաղթեցին և ստիպեցին պրուսակներին նահանջել: Ֆրանսիացիների հաջողության գաղտնիքը նրանում էր, որ ֆրանսիական բանակը մեծամասամբ բաղկացած էր կամավորներից, ովքեր պատրաստ էին սեփական կյանքի գնով կանգնեցնել օտար զավթիչներին, իսկ այս ճակատամարտը նրանով էլ հենց պատմական է, որ նորագույն պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ բանակը կազմավորվեց ու կռվեց հանուն ազատության գաղափարի:

1. Յարմուկի ճակատամարտ, 636

hagia
Տուրի ճակատամարտի մասին պատմելիս ես նշեցի, որ մահմեդականների բանակը ասես շիկացած դանակը՝ կարագի միջով, անցավ Մերձավոր Արևելքի տերությունների և գերտերությունների միջով՝ ջախջախելով նրանց բանակները, գրավելով նրանց տարածքները: Այս ամենն անհնար կլիներ, եթե մահմեդականներն իրենց էքսպանսիայի սկզբնական փուլում պարտվեին Յարմուկի ճակատամարտում:

Յարմուկը մի փոքրիկ քաղաք էր՝ Գալիլեան ծովի առափնյա հատվածում կառուցված: Այն գտնվում էր Սիրիայի և Պաղեստինի մեջտեղը: Այդ պահի դրությամբ արաբները դեռ նոր էին պատրաստվում դուրս գալ արաբական թերակղզու իրենց բնօրրաններից, իսկ Բյուզանդիայի կայսրը կուտակում էր իր զորքերը Լիբանանում, Սիրիայում, Պաղեստինում ու Հորդանանում:

Վճռորոշ ճակատամարտից առաջ արաբական 30 հազարանոց զորքը գրեթե 2 անգամ զիջում էր իր քանակությամբ բյուզանդական զորքին, որի 1/3-ը հայերից էր բաղկացած: Բայց արաբներն ունեին երկու մեծ առավելություն՝ ի դեմս փայլուն զորավար Խալիդ բին Վալիդի և իրենց նոր կրոնի նկատմամբ տածած ֆանատիկոսական հավատի: Արաբները սկզբում դուրս եկան քաղաքից և նահանջեցին դեպի քաղաքի մերձակայքում գտնվող դաշտերը և այստեղ սկսեցին սպասել թշնամական բանակին: 

Ճակատամարտը շարունակվեց 5 օր: Առաջին 4 օրը արաբները շատ մեծ դժվարությամբ դիմակայում էին ավելի մեծաթիվ բյուզանդական բանակի գրոհներին, իսկ հինգերորդ օրը արդեն իրենք անցան հարձակման և արաբական թեթև հեծելազորի շնորհիվ կարողացան հետ մղել բյուզանդացիներին և սեղմել նրանց գետի բարձր ափին: Վերջին ճիգով արաբներն էլ ավելի ուժեղացրին ճնշումը և թշնամու առաջին շարքերը հետ նահանջելով սկսեցին հետևի շարքերին ջուրը գցել: Սկսվեց խուճապ, ու բյուզանդական բանակի ամեն 5-րդ մարտիկ հրաժեշտ տվեց իր կյանքին, իսկ Բյուզանդիան հրաժեշտ տվեց Մերձավոր Արևելքի իր բոլոր պրովինցիաներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել