Ես գտնում եմ, որ վարչապետ Փաշինյանը պետք է շարունակի կառավարումը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը:

«Շփվելով մարդկանց հետ՝ ես տեսնում եմ, թե մարդիկ ինչպես են իրեն ընդունում: Ես կարող եմ բերել մեկ օրինակ, երբ դեկտեմբերի 7-ին վարչապետը եկավ Լոռու մարզ, այնտեղ դուք էլ տեսած կլինեք, թե ժողովուրդն ինչպես է իրեն ընդունում: Ո՛չ, դա մասսովկա չի եղել, ես անձամբ այնտեղ եմ եղել»,- ասաց նա:

Հարցին, թե ինչու վարչապետը ազատ չի շրջում Երեւանում, այլ մի քանի շերտանոց թիկնազորով, Արամ Խաչատրյանը պատասխանեց. «Երեւանում էլ է վարչապետն ազատ շրջում: Վարչապետը ոչ մեկից ո՛չ վախենալու բան ունի, ո՛չ թաքցնելու: Ինքը հանդիպում է ժողովրդի հետ՝ լինի Երեւանում, թե մարզերում»:

Նա անընդունելի համարեց, որ ընդդիմությունը հանրահավաքից հետո երթով շարժվել է դեպի վարչապետի առանձնատուն. «Իրենք կարող էին կառավարության դիմաց հանրահավաք անեին, ԱԺ-ի մոտ անեին, ինչո՞ւ էին գնում նրա կեցավայր: Սա, կարծում եմ, անընդունելի է»:

Արամ Խաչատրյանն անդրադարձավ նաեւ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, ըստ որի, եթե Նիկոլ Փաշինյանը կամավոր չհեռանա, ժողովուրդն իրեն կհոշոտի. «Ինքը մեկ անգամ նույն բանն արել է եւ իր մոտ չի ստացվել: Ես կոչ կանեի մեր ընդդիմադիրներին, մեր որոշ համայնքապետերին վերանայել իրենց որոշումը, փոխել իրենց հռետորաբանությունը, մի փոքր զսպել, որովհետեւ մենք ավելի կարեւոր խնդիրներ ունենք, որոնք օր առաջ պետք է լուծվեն: Սա բարեկամաբար, ընկերաբար եմ ասում»:

Ինչ վերաբերում է նրան, որ բազմաթիվ համայնքապետեր միացել են վարչապետի հրաժարականի պահանջին, «Իմ քայլի» պտգամավորը նկատեց, որ այդ նույն համայնքների բնակչությունն իր բողոքի ձայնն է բարձրացրել, քանի որ այդ որոշման հետ համաձայն չեն. «Վարչապետի հրաժարականի հանրային պահանջ այսօր գոյություն չունի, ես դա վստահեցնում եմ: Այս ճնապարհով ընդդիմադիրները ոչնչի հասնել չեն կարող:

Հայաստանի սահմանները փոխվել են, եւ հանրահավաք անելու փոխարեն իմ եղբայրը, իմ բարեկամները հենց հիմա սահմանին կանգնած են: Ես կոչ եմ անում մեր ընդդիմադիր գործընկերներին, որ իրենց աջակիցներին կոչ անեն կամավորագրվել և գնան, սահմանը պահեն, մինչեւ կարողանանք զինված ուժերում առկա խնդիրներն օր առաջ լուծել: Իրենք ավելի հարգանքի կարժանանան այդ քայլերով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել