Ինչո՞ւ են խոշորները մանրանում. մեր ազգը հնարքներով լի ազգ է, և եթե մենք որոշում ենք, որ պետք է շրջանցեք օրենքը, ապա, ցավոք սրտի, ոչ մի օրենք ի զորու չէ մեզ դիմակայել, դրանում մենք բազմիցս հնարավորություն ենք ունեցել համոզվելու ընտրությունների ժամանակ: Այժմ անդրադառնանք առևտրական ոլորտին:
Եթե մի փոքր կենտրոնացնենք մեր ուշադրությունը, ապա կնկատենք, որ վերջերս Հայաստանում նոր տենդենց է սկսվել` խոշոր ձեռնարկությունները լուծարվելով վերածվում են առանձին մանր ձեռնարկությունների: Օրինակ` եկեք հեռու չգնանք, մամուլից վերցնենք հետևյալ տեղեկատվությունը և փորձենք հասկանալ, թե ինչ նոր հնարքների են գնում մեր բիզնեսմենները: Այսպես` «ՍԹԱՐ» մանրածախ առևտրի ցանցն առաջիկայում կսկսի դատական կարգով անվճարունակության (սնանկության) գործընթացը. այս մասին տեղեկացնում է Արմինֆո գործակալությունը՝ հղում անելով ցանցում աշխատող արժանահավատ աղբյուրներին: Ըստ աղբյուրի՝ ցանցը կվերածվի առանձին պարենային խանութների: Այսինքն` ավելի պարզ ընկալվելու ակնկալիքով ձևակերպենք հետևյալ կերպ. «ՍԹԱՐ»-ը լքում է խոշոր հարկատուների ցանկը: Երբ այս և նմանատիպ երևույթի մասին կիսվեցի իմ վաղեմի ծանոթներից մեկի հետ, որը ժամանակին հարկայինում է աշխատել, վերջինս միանգամից բացականչեց. «Ինչո՞ւ ես զարմանում, ժամանակները փոխվում են, հանրության ճնշման տակ խոշորները այլևս չեն կարողանում իրենց ուզած մեթոդներով աշխատել, անընդհատ հանրության ուշադրության կենտրոնում են, ի՞նչ է մնում իրենց անել. միայն մեկ բան` մանրացնել բիզնեսը` դրանով իսկ շեղելով մարդկանց ուշադրությունը»: Այն իմ պնդմանը, թե այդ դեպքում նրանք չեն կարող առաջվա պես «արտոնություններ» ունենալ, քանի որ այսպես իրենք գործ կունենան տարբեր տարածքների հարկային աշխատողների հետ, իմ վաղեմի ծանոթը պատասխանեց հետևյալ կերպ. «Մի բարդացրու ամեն ինչ, մեխանիզմը շատ պարզ է: Օրինակ` Մ. սեփականատերը որոշում է մանրացնել իր բիզնեսը, ենթադրենք Մ-ն վերածվում է 20-ից ավել Ա., Վ., Դ. ձեռնարկությունների, իսկ հարկային ծառայություններին պարզապես ժամանակին տեղյակ են պահում, որ Ա., Վ., Դ.-ն նույն Մ.-ն է և վերջ»:
Հ.Գ. Այս ամենը լսելուց հետո ինձ մոտ հարց առաջացավ` արդյոք կգա՞ մի պահ, որ մենք մեր հնարքները կօգտագործենք այս պետությունը շենացնելու համար, այլ ոչ թե քանդելու: