168.am-ը գրում է.

Բերձոր, Սուս և Աղավնո համայնքների բնակիչները դեկտեմբերի 6-ին ժամը 14:00-ին Երիտասարդականի (մետրոյի կայարան) մոտ կհավաքվեն՝ բարձրաձայնելու իրենց խնդիրը՝ կապված աջակցության ծրագրում համայնքի բացակայության, պատերազմի հետևանքով տեղահանվածի կարգավիճակ տալու հետ:

«Կարևոր է մեր  կարգավիճակի հարցը, որովհետև չեն ուզում խոստովանել, որ Բերձորը Ադրբեջանի ենթակայության ներքո է, ադրբեջանցին ազատ ման է գալիս քաղաքում, իսկ դրանով մենք զրկվում ենք պետական աջակցությունից: Մենք ունենք հպարտություն ու կամքի ուժ, չի կարելի մեզ պես հող պահողին անտեսել ու ստորացնել, ակնարկել  թուրքի հետ ապրելու անհեթեթության մասին»,- 168.am-ի հետ զրույցում նշեցին բերձորցիները:

Նրանց  փոխանցմամբ՝ այս պահին Բերձորում փակ են դպրոցները, մանկապարտեզը, արվեստի դպրոցը, ուժային կառույցները, աշխատում են մի քանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողներ, այն էլ՝ ապահովում են ռուսական զորքին։ Տները դատարկ են, չկա գույք, մի մասը քանդած է, մի մասը՝ թալանած, որոշներն էլ՝ վառած։

Համայնքի ներկայացուցիչները նաև բաց նամակ են գրել՝ ուղղված Կառավարությանն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությանը՝ որտեղ նշված է. «Այս դժնի ու անհույս օրերին, հասկանալով ՀՀ-ում և ԱՀ-ում առկա իրավիճակը, այնուամենայնիվ, չկարողացանք զսպել մեր զարմանքը` ծանոթանալով ՀՀ կառավարության 21.11.2020թ. N 1820-Լ և 27.11.2020թ. N 1891-Լ որոշումներով սահմանված` Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության միջոցառմանը, ավելի ճիշտ, որոշման ցանկին, որով սահմանվում են բնակավայրերը, որոնց բնակիչները կարող են օգտվել աջակցության ծրագրից: Այսպիսով, նշված ցանկից բացակայում է Բերձորը: Դա, առնվազն, զարմանք է հարուցում, քանի որ ոչ մի տրամաբանություն չկա Բերձորն այդ ցանկում չներառելու մեջ: Ի՞նչ է, ըստ ձեզ, Բերձորից տեղահանվածները չունե՞ն բնակարանային, առողջապահական, կոմունալ ծառայությունների կարիքներ, բերձորցիները չպիտի՞ վճարեն իրենց բնակվարձերը, թե՞ կորոնավիրուսն է մեզ շրջանցելու հատուկ հանձնարարական ստացել»:

Հավելենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Կառավարությունը ծանոթացել է Բերձորի բնակիչների բաց նամակին՝ կապված աջակցության ծրագրում համայնքի բացակայության հետ։

Տեղեկացրել է, որ ինչպես Բերձոր համայնքի, այնպես մնացած բոլոր համայնքների այն բնակիչների համար, ովքեր տեղահանվել են իրենց կացարաններից, նախատեսված է աջակցության առանձին ծրագիր, որն առաջիկա օրերին կներկայացվի հաստատման։

Համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լաչինի շրջանի 5 տասնյակից ավելի համայնքներ (Քաշաթաղի) դեկտեմբերի 1-ից անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Այս պահին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն անցնում է Լաչինով՝ Բերձորով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել