pataragy qritoneutyan skzbum

 Ինչպես տեսանք, Սուրբ Հաղորդության խորհուրդը հաստատվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից մատնության գիշերը՝ նրա մահվան հիշատակի և միևնույն ժամանակ իբրև հոգևոր սնունդ մեզ՝ հավատացյալներիս համար։ Երբ առաքյալները Հոգեգալստյան օրը Սուրբ Հոգով լցվեցին (Գործք Բ), սկսեցին քարոզել Հիսուս Քրիստոսի մասին և նրա պատվերները սովորեցնել նորադարձներին. անշուշտ, նախ՝ հրեաներին և ապա՝ հեթանոսներին։ Նորադարձները պետք է նախ մկրտվեին, որպեսզի կարողանային մուտք գործել նոր՝ քրիստոնեական համայնք և ապա Սուրբ Հաղորդությամբ միանային Հիսուս Քրիստոսի հետ. «Եվ նրանք հարատևում էին առաքյալների ուսուցման, հաղորդության, հացի բեկման և աղոթքների մեջ» (Գործք Բ 42)։ «Եվ ամեն օր միասիրտ տաճար էին գնում և տներում հաց էին կտրում և ուրախությամբ կերակուր էին ուտում» (Գործք Բ 46)։ Տրովադայում, մի Կիրակի օր, Պողոս առաքյալը Հաղորդության խորհուրդը կատարեց հավատացյալների ներկայությամբ, ինչպես կարդում ենք. «Եվ Մեկշաբթի (Կիրակի) օրը, երբ աշակերտները հավաքվել էին հաց կտրելու, Պողոսը քարոզում էր նրանց» (Գործք Ի 7)։
Անշուշտ, պետք է նշել, որ առաքելական շրջանում նախնական ձևով էր Սուրբ Հաղորդությունը մատուցվում։ Պատարագի խորհուրդը «հաց կտրել» բառերով էր բացատրվում։ Այդ ձևով իրագործում էին Քրիստոսի վերջին պատգամը. «Սա արեք ինձ հիշելու համար» (Ղուկաս ԻԲ 19,Ա Կորնթացիս ԺԱ 24), և չարչարանքների ու անմահության խորհուրդը։ Սկզբում սա հիշատակի սեղան էր, մյուս կողմից, սակայն, այն իր մեջ ուներ նաև հոգևոր մաս։ Հիսուսն ասել էր, թե՝ «Սա է իմ Մարմինն ու Արյունը». սրանք պարզ նմանություններ չէին, այլ՝ խորհուրդ, որ իր ծալքերը բացում էր խաչելության և հարության իմաստի մեջ։
Հին կրոնների մեջ նույնպես կար այս վերակենդանության գաղափարը։ 0րինակ՝ Ատիսը փռուգիական հեթանոս չաստվ ած էր, որ ամեն տարի վերակենդանանում էր գարնան հետ։ Իսկ եգիպտական չաստված 0սիրիսի մարմինը քառասուն մասերի էր բաժանվում՝ իբրև Եգիպտոսի քառասուն նահանգների խորհրդանիշ, այնուհետև միավորվում էր՝ իբրև Եգիպտոսի ամբողջական միացման խորհրդանիշ։
Հաղորդությունը մեկ այլ բարձրագույն խորհուրդ էլ ուներ այն սիրո և տառապանքի շնորհիվ մարդուն միացնում էր Աստծուն։ Ճիշտ է, Հաղորդությունը մահվան հիշատակի ճաշ Է, բայց նաև ուրախության տոն է, ինչպես հրեաների Զատիկը, որը հավերժացնում էր անցյալը և միևնույն ժամանակ, սակայն, իրականացնում էր ապագան՝ մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը։ Ինչպես ասացինք, առաքելական շրջանում Պատարագը ամեն օր ամենապարզ, նախնական ձևով էր կատարվում (Գործք Բ 46)։ Սակայն քրիստոնյաները հետզհետե, հրեական ծեսերից ազդվելով, սկսեցին իրենք իրենց համար Պատարագի արարողություններ կազմակերպել։ Ըստ ավանդության, երբ առաքյալները հավաքվել էին պաշտամունք կատարելու Հոգեգալստյանը հաջորդող Երեքշաμթի օրը, Հակոբոս առաքյալը, որ Երուսաղեմի առաջին եպիսկոպոսն էր, նրանց ներկայացրեց իր Պատարագը։ Երբ նրան հարցրին, թե որտեղից է ձեռք բերել, պատասխանեց. «Չէ՞ որ Տերը, կենդանի է, և ես սրա վրա ո՜չ մի բան չեմ ավելացրել և ո՜չ էլ պակասեցրել, սա այն է, ինչ որ լսեցի Տիրոջից»։ Այս ավանդությունը գրի է առնվել ԺԲ դարում, ասորի գիտնական-եպիսկոպոս տեր Դիոնեսիոս Պար Սալիպեի կողմից։
Մեր Տիրոջ եղբայր Հակոբոսի Պատարագի մեծ մասը վերցված է Քրիստոսի աղոթքներից, որոնք առաքյալներն անգիր գիտեին և հաճախ գործածում էին իրենց քարոզների մեջ ուրեմն՝ սուրբ Հակոբոսի Պատարագը նախնի քրիստոնյաների Պատարագի իրական և անվիճելի օրինակն է՝ սահմանված Երուսաղեմի Եկեղեցու գործածության համար, որտեղից ճյուղավորվելով՝ անցավ Փոքր Ասիա և հունական Եկեղեցիներ։ Սուրբ Հակոբոսի Պատարագը մեր Եկեղեցու Պատարագի հիմքն ու նախատիպն է։ Այս պատարագամատույցից զատ, Դ դարի սկզբում, սուրբ Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից վերադառնալիս իր հետ, հավանաբար, մեկ այլ պատարագամատույց բերեց, որը ժամանակին մյուս Եկեղեցիներում էր գործածվում։
Անշուշտ, այս շրջանում, երբ հայերեն գրեր չունեինք, այդ Պատարագը գործածվում էր հունարեն լեզվով։ Սակայն, երբ հայ գրերի գյուտը տեղի ունեցավ, շատ պատարագամատույցներ հայերեն թարգմանվեցին, օրինակ՝ սուրբ Բարսեղինը, սուրբ Աթանեսինը, Հովհան Ոսկեբերանինը, սուրբ Գրիգոր Նազիանցունը, սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացունը, սուրբ Իգնատիոսինը և այլն։ Ենթադրվում է, որ որոշ տեղերում գործածական են եղել։ Իսկ Գյուտ կաթողիկոս (461-478) և Հովհան Մանդակունի (478-490) հայրապետների ջանքերով հայկական Պատարագն ավելի ճոխացավ։ Մեր Պատարագամատույցը որոշ հավելումներ կրեց նաև Ժ դարում՝ Խոսրով Անձևացու (Գրիգոր Նարեկացու հայրը) կողմից։ Հետագայում հավելվեցին նաև սուրբ Գրիգոր Նարեկացու (950-1010) երկու աղոթքները (ԼԳ և ԼԵ)։ Իսկ «Որ օրհնում ես նրանց, ովքեր օրհնում են քեզ, Տեր, գոհաբանական աղոթքը գրել է Հովհան Ոսկեբերանը (347-407)։ ԺԳ դարում Հովհաննես վարդապետ Ոսպնակերն էլ որոշ փոփոխություն արեց։ Այսպես, մինչև տպագրության գյուտը Սուրբ Պատարագի կանոնները զանազան ձևերով են գործածվել, իսկ դրանից հետո տպագրված մեկ ձևը պարտադիր դարձավ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու համար։ Մեր Եկեղեցին երբեք չի ունեցել և այժմ էլ չունի կրճատված կամ հավելված, օրինակ՝ կաթողիկոսական կամ պարզ քահանայական, մեծ, հանդիսավոր կամ պարզ, թիվ կամ մասնավոր և այլ նման առանձին-առանձին պատարագամատույցներ։ Մեր Պատարագը միշտ ձայնավոր է եղել, թիվ Պատարագի գրությունը երբեք մեր մեջ մուտք չի գործել։ Մեր այսօրվա Սուրբ Պատարագի արարողությունը, իր հիմնական ձևով, օտար պատարագամատույցի թարգմանություն է, որը, սակայն, դարերի ընթացքում կրած լեզվի կատարելագործությամբ, ծիսական ուրույն կերպով և մանավանդ զուտ հայկական երաժշտությամμ վերածվել է ազգային գլուխգործոցի։ Օրինակ բերելու համար բավական է ունկնդրել Խաչատուր վարդապետ Տարոնեցու (1208 –ին) հորինած «Խորհուրդ խորին…» շարականը «որը երգվում է Սուրբ Պատարագի սկզբում», ուրիշ ոչ մի պատարագամատույցի մեջ չկա. մեր Սուրբ Պատարագի խորհուրդը, որ չափազանց հոգեպարար է և առինքնող։
Մեր երջանկահիշատակ հայրապետները իրենց հոգու ադամանդը բյուրեղացրել են՝ մեզ իբրև ժառանգություն թողնելով հոգևոր և մշակութային անփոխարինելի մի գանձ։ Եվ այսպես, մեր Սուրբ Պատարագը միայն կրոնական գանձ չէ, այլնաև մշակութային անփոխարինելի արժեք է։ Այդ պատճառով էլ բոլոր հավատացյալները իրենց միտքն ու խորհուրդը պետք է կենտրոնացնեն աստվածային խորհրդի վրա և պետք է անսայթաք հետևեն նրա հոգեբուխ աղոթքներին ու երգերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել