Ռուս խաղաղապահները վերահսկում են Լաչինի՝ 5 կմ լայնությամբ միջանցքը, որով ապահովվում է կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, ինչպես նաև բնակիչների վերադարձն իրենց նախկին բնակավայրեր և քաղաքացիական տրանսպորտի երթևեկությունը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գերենալ մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ համատեղ հայտարարության համաձայն՝ ռուս խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ ադրբեջանական կողմին է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանը: Ռուս խաղաղապահների կողմից վերահսկվում է Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ: Դրանով ապահովվում է կապը Հայաստանի հետ, մարդկանց անվտանգ վերադարձն իրենց բնակության վայրեր և քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկությունը»,- ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը և ավելացրել, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել