Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին տեղեկացրել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը: Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները երեկ տեղեկացրել են, որ քաղաքում ոչ մի կողմի դրոշներ չպիտի լինեն, ուստի Արցախի Հանրապետության դրոշն իջեցվել է:

«Այդուհանդերձ, ռուս խաղաղապահները չեն հստակեցրել՝ ադրբեջանական զինված ուժերը մուտք գործելո՞ւ են Բերձոր, թե ոչ: Անվտանգության նկատառումներով հնարավոր է՝ կանայք և երեխաները հեռացել են Բերձորից, սակայն շատերը մնացել են: Ինչ վերաբերում է երեկվանից շրջանառվող լուրերին, թե 200 բնակիչ պետք է մնա քաղաքում՝ որպես խաղաղապահներին սպասարկող անձնակազմ, ապա դրա մասին ես տեղեկություն չունեմ: Ամեն դեպքում այս պահին քաղաքում մնացած բնակիչներն ավելի շատ են, քան 200-ը: Անձամբ ես նույնպես Բերձորում եմ»,- մանրամասնեց քաղաքապետը՝ հավելելով, որ մինչ այս պահը որևէ խնդիր չի եղել:

Բերձորում այժմ ռուս խաղաղապահներն են կանգնած, իսկ իրենք առայժմ սպասում են իրադարձությունների հետագա ընթացքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել