Քանի օր է՝ ինձ մի հարց է տանջում: Չարչարում է: Երբ մենք երկու տարի շարունակ մաթեմատիկական ճշգրտությամբ դնում, հիմնավորում էինք ու կանխատեսում էինք զարգացումները Արցախյան ճակատում, մեդիա դաշտը և սոցիալական ցանցը հիմնականում անտարբեր էին մնում: Չգիտեմ, երևի համոզիչ չէինք, կամ մարդիկ պարզապես հրաժարվում էին հավատալ, որ հայը կարող է նման հրեշավոր պլան իրագործել: Ինքս էի երբեմն կասկածում, քանի որ պլանը չափից դուրս ճշգրիտ էր գծված, գրեթե անիրական, անմարդկային, հանճարեղ ճշգրտությամբ:

Հիմա երբ մեր կանխատեսումները ցավալի ճշգրտությամբ իրականացան, ամենուր ինչ-որ կեղծ դիսկուրսներ են ծագում, որոնք միտված են վերլուծելու անցյալը: Անցյալ, որտեղ ամեն ինչ շատ պարզ էր ու հստակ: Այնքան պարզ էր, որ մենք նախապես էինք դա ասել: Այսինքն ոչ մի նոր բան այնտեղ չի կարող լինել: Այո´, Փաշինյանը դավաճան սրիկա է, այո´, միտումնավոր է անում, այո´, ստել է ու ստում է: Ինձ ո՞վ կբացատրի՝ ո՞րն ա պատճառը, որ էս ակնհայտ ճշմարտություններն անընդհատ արծարծվում են էն ժամանակ, երբ հակառակորդը ակտիվ խրամատավորվում է մեր բնօրրանում: Ամեն րոպե իրենց դիրքերը ամրանում են: Գերիների, ներքին պառակտման կամ այլ թեմաների մասին խոսելիս մենք վատնում ենք թանկարժեք վայրկյաններ, երբ կարելի էր իրական հակահարված սկսել: Թեկուզ գոնե օրակարգի մակարդակով, իսկ Փաշինյանի հեռանալը օրակարգ չէ: Օրակարգն այն է, թե ի՞նչ պետք է արվի դրանից անմիջապես հետո: Ինչո՞ւ են բոլորը խուսափում դրա մասին խոսելուց:

Ես, օրինակ, վստահ եմ, որ ցանկացած ծրագրի առաջին քայլը պետք է լինի Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը սեպտեմբերի 26-ի սահմաններով: Ու կարծում եմ՝ դա պետք է լինի ներքաղաքական գլխավոր դիսկուրսը, իսկ մնացած հարցերը՝ ռազմագերիներից մինչև Սոթք, գերխնդրի ածանցյալ մասերն են: Դա պետք է արվեր պատերազմի առաջին իսկ օրը, ու եթե ես ճակատում չլինեի, կարող եք չկասկածել, էնպես կանեի, որ ողջ հայ ազգը դրա մասին կխոսեր: Հիմա ահագին ուշացել ենք, բայց ամեն վատնված վայրկյանը մեր դեմ ա աշխատում: Սրանից հարմար պահ չի լինելու: Բայց արի ու տես, որ քննարկվում է ամեն ինչ՝ բացի միակ կարևոր, միակ անհրաժեշտ ու միակ ՀՆԱՐԱՎՈՐ քայլից:

Ո՞վ ինձ կբացատրի` ինչո՞ւ է այդպես:

Ես մի բնածին հատկություն ունեմ, որն իմ կյանքի ահագին դրվագներում ինձ փրկել է: Չգիտեմ ինչու, երբ մարդկանց բազմությունը մի ուղղությամբ է գնում, ես հակված եմ հակադրվել: Առաջ բնազդաբար էի դա անում, իսկ հիմա կյանքի օրենք է դարձել: Ժողովուրդ ջան, երբ բոլորը նույն բանն են ասում, դա, ինչպես օրենք, նշանակում է, որ ձեզ խաբում են, իսկ եթե դա համեմվում է էմոցիոնալ ենթատեքստով, ուրեմն խաբեբայության հավանականությունը 100% է:

Ինձ հաճախ եք հարցնում՝ «ինչո՞վ կարող ենք օգնել»: Պետք է խնդրեմ՝ ինձ օգնեք ու ոչխարների հոտի մեջ չմտնեք: Էլ մի մտեք: Ու հիշեք՝ ՄԻՇՏ կարա լինի ավելի վատ: Ու կլինի ավելի վատ, եթե էլի դառնանք ոչխար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել