Ֆրանսիայի Հանրապետությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորմանը հասնելու ջանքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությունում, որում անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագծի ընդունմանը:

«Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` մեր պարտականությունն է աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համաձայնեցված լուծման ուղղությամբ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցի շուրջ, և այդ բանակցությունների ելքը չի կարելի նախապես և միակողմանիորեն որոշել»,- ասված է հայտարարությունում:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշում է, որ այսօր իր առաջնային խնդիրը պետք է լինի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց անվտանգ վերադարձի ապահովումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել