Եթե մեր զորքերի կողմից վերահսկվեր Արցախի այն տարածքը, որը կար 2020թ. սեպտեմբերի 26-ի դրությամբ, ապա ես կհասկանայի այն ուրախությունը, որը կա Ֆրանսիայի Սենատի կողմից երեկ ընդունված խորհրդատվական բնույթ կրող որոշումից հետո։ Բայց էս աստիճան մանկամիտ մոտեցումը, երբ դու առնվազն առաջիկա տասնամյակի համար անվերադարձ կորցրել ես Արցախի 12 հազար քառակուսուց շուրջ 10 հազարը, հուշում է, որ մենք էս պահին էլի ապրում ենք երազների ու երևակայության մեջ, իսկ դա հրաշալի կերպով օգտագործվում է հենց մեր դեմ։
Թուրքագետները լավ գիտեն, որ Թուրքիայում կա «Սևրի սինդրոմ» երևույթը. այնտեղ կա մշտական վախ, որ Թուրքիայի հակառակորդները կփորձեն նորից բաժան-բաժան անել Թուրքիան, ինչպես փորձում էին 1920թ. հայտնի Սևրի պայմանագրով, ըստ այդմ թուրքերը մշտապես պատրաստ են այդ մարտահրավերին դիմակայել։
Երևի թե ժամանակն է, որ արձանագրենք, որ մենք էլ ունենք «Սևրի սինդրոմ», որի իմաստը հանգում է հետևյալին. հայերը քաղաքականությունն ընկալում են որպես գեղեցիկ խոսքերի արվեստ և փաստաթղթի վրա գրվածը ավելի են կարևորում, քան այն, ինչ կա իրականում։ Կամ ավելի ժողովրդական ասած՝ «նաղդը թողելու ու նիսյայի հետևից ընկնելու» նուրբ արվեստն է մեզանում գերակայում։ Եթե ձեզ թվում է, որ փաստաթղթով Արցախ ու Արևմտյան Հայաստան եք ունենալու, ապա չարաչար սխալվում եք։ Ավելին ասեմ, եթե ձեզ թվում է, որ որևէ փաստաթուղթ այս պահին երաշխավորում է Հայաստանի Հանրապետության գոյությունն ու տարածքային ամբողջականությունը, ավելի առավել ևս սխալվում եք։ Էն աննախադեպ սպառնալիքները, որոնք այժմ կախված են մեր գլխին, չեն վերացվի նույնիսկ եթե Աստվածաշունչը խմբագրվի (մեղա, մեղա) ու դրանում նշվի, որ Հայաստանն անձեռնմխելի է։
Հայության միջի «Սևրի սինդրոմը» պետք է արմատախիլ լինի։ Ինչքան շուտ հասկանաք սա, էնքան շանսեր կլինեն փրկելու հայրենիքը և անմիջապես ձեր ու ձեր երեխաների անվտանգությունը։
Հ.Գ. Քարտեզում գծերով նշված է այն ամենն, ինչ մնում է Արցախից այս պահի դրությամբ, դեղինով՝ Ադրբեջանին խայտառակությամբ հանձնվածը (քարտեզը՝ twitter.com/HusikGhulyan -ի)։