Tert.am-ը գրում է․

Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հայտնի դարձած WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը «Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում կիսվել է պատերազմի վերաբերյալ իր տպավորություններով:

Մասնավորապես խոսելով Շուշիի պաշտպանության մասին՝ Պեգովն ասել է.«Ինչ վերաբերում է Շուշիին, ապա այո, ես ասում և պնդում եմ, որ դա ավելի շատ քաղաքական որոշում էր, այն պարզ պատճառով, որ պայմանավորվածության ստորագրման պահին Շուշիում շարունակում էին մնալ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները: Պատասխանատվություն չեմ վերցնի ասելու, որ քաղաքն ամբողջովին գտնվում էր Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ, դժվար է դա պնդել, որովհետև Ադրբեջանի զինված ուժերի ծառայողներ էլ կային այնտեղ: Բայց ստորագրման պահին քաղաքի համար կռիվ էր ընթանում, և դա ինձ համար անվիճելի փաստ է: Ես դա գիտեի, որովհետև նախ զանգահարում էի առաջնագծի տղաներին, և երկրորդ, նոյեմբերի 9-ի առավոտյան ժամը 5-ին, երբ ես եկա Շուշիից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող բարձունք, այնտեղ կար 400 հոգի, որոնք պատրաստ էին գնալ Շուշին «մաքրելու»:

Ինչ վերաբերում է հրամանատարներին. հիմա ես դժվար թե կարողանամ ազգանուններ նշել, գիտեմ, որ իրավիճակը լիովին վերահսկում էր Արցախի պաշտպանության նախարարը: Ես նրա հետ անձամբ չեմ շփվել, սակայն կապի մեջ եմ եղել նրա աշխատակիցներից մեկի հետ, և ինչպես ես եմ հասկանում, նա էլ ղեկավարում էր գործողությունները: Շուշիում էր նաև պաշտպանության փոխնախարարը: Նոյեմբերի 7-ին նա հաստատ Շուշիում էր: Իմ տեղեկությամբ՝ նոյեմբերի 7-ին քաղաքը «մաքրված» էր դիպուկահարներից:

Դրանից հետո մի շարք որոշումեր են ընդունվել, որոնք ըստ իս, ավելի շատ քաղաքական են, քան ռազմական: Ինձ համար հիմա դժվար է դատել ու գնահատել Հայաստանի ու Արցախի ղեկավարության որոշման ճշտությունը, որովհետև երևի միայն նրանք գիտեին, թե ինչքան պահուստ կար մարտական գործողությունները շարունակելու համար: Միգուցե ռեսուրսները վերջանում էին և իրավիճակը կարող էր էլ ավելի վատը դառնալ: Սրա վերաբերյալ ես արդեն հստակ բան չգիտեմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել