Մոնթե Չարլզի Մելքոնյանը ծնվել է նոյեմբերի 25, 1957թ․, Կալիֆոռնիայում: Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից:

1972 թվականի ամռանը տասնհինգամյա Մոնթե Մելքոնյանը ավարտում է միջնակարգ դպրոցը։ Մինչ ավագ դպրոցի նոր ուսումնական տարվա մեկնարկը դպրոցի տնօրեն Դեյվիդ Գրեյմսի առաջարկով մեկնում է Ճապոնիա՝ երկրի ամենահեղինակավոր «Tokyo Kamata High School» դպրոցում ուսումը շարունակելու նպատակով։

  

Մոնթեի՝ Ճապոնիա ուղարկելու որոշումը պատահական չէր կայացվել. նա երկար ժամանակ այցելում էր կարատեի խմբակներ և Կալիֆոռնիա նահանգի պատանիների մինչև 14 տարեկանների խմբի չեմպիոնն էր, ուսումնասիրել էր ճապոնական մշակույթը, այդ թվում՝ մասնակցել էր ճապոներեն լեզվի դասընթացներին։

Մեկ ու կես տարում ճապոնական Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո մեկնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայական վանականի մոտ, ապա գնում է Վիետնամ, ականատես լինում պատերազմական գործողություններին, ստեղծում բազմաթիվ լուսանկարներ մոլեգնող պատերազմի մասին։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։

20 տարեկանում ընդունվում է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարան: Լայն աշխարհընկալում ու ընդունակություններ ունենալու շնորհիվ չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով «Հնագիտության և ասիական պատմության մասնագետի» վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» խմբակը և կազմակերպում ցուցահանդես` նվիրված 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը։ Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը, որը նա պաշտպանում է 1978 թվականին։ Այնուհետև ընդունվում է Օքսֆորդի համալսարան, սակայն Անգլիա մեկնելու փոխարեն նա գնում է Արևմտյան Հայաստան, որպեսզի ուսումնասիրի և չափագրի Վասպուրականի հնագույն ժայռափոր դամբարաններն ու կացարանները։

Մոնթեն Հայաստան եկավ այն ժամանակ, երբ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը: 1991 թվին՝ բանտից ազատվելուց հետո, Մոնթեն եկավ Երևան, յոթ ամիս աշխատել է Գիտությունների ակադեմիայում «Հայաստանը և հարևանները» գիրքը գրելու և հրատարակելու նպատակով։ Այստեղ նա ընդունել է Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնել Արցախ: Մի քանի ծանր մարտերից հետո` 1992 թվականի հունվարին Մոնթեին հանձնարարում են Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները, Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեցին Քարվաճառը, Օմարի լեռնանցքը:


Իր վերջին մարտում նա խիզախորեն դիմավորել է հակառակորդի զրահաջոկատին, և միայն արկի կույր բեկորը զրկեց նրան դիմադրությունը շարունակելու հնարավորությունից: Աղդամի և Մարտունու շրջանների սահմանագծի բարձունքների համար մարտը վերջինը եղավ Ավոյի համար՝ 1993 թ. հունիսի 12:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել