«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ուզում եմ հակիրճ ամփոփել, թե ինչ մեղադրանքներ են ինձ առաջադրում կամ ինչ թեմայով են ինձ հետ վիճում իմ ֆեյսբուբյան ընկերները:
1/ Ես օբյեկտիվ չեմ ներկայացնում իրականությունը:
Ներկայացնում եմ իրականության իմ ընկալումը, մենք կորցրել ենք Արցախի մեծ մասը, ունենք հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր գաղթականներ, տնտեսական և հումանիտար կոլապս, և դրա գլխավոր պատասխանատուն ներկայիս վարչապետն է: Ո՞րն է այստեղ սուտ, սխալ կամ ոչ օբյեկտիվ պնդում:
2/ Ես ինչ-որ բան ունեմ անձնապես Նիկոլ Փաշինյանի դեմ:
Ճիշտ հակառակը՝ գտնում եմ, որ նա տաղանդավոր լրագրող է, նույնքան տաղանդավոր հռետոր, որոշակի հեղինակություն ձեռք բերած քաղաքական գործիչ: Համաձայն չեմ, որ նա դավաճան է, կտրականապես դեմ եմ նրա հասցեին անձնական վիրավորանքներին: [Ի դեպ, դեմ եմ նաև Աննա Հակոբյանի մասին անպարկեշտ խոսակցություններին՝ նա ինձ համար մասնավոր անձ է, նաև՝ գործընկեր: Պատասխանատվության պետք է ենթարկվեն այն պաշտոնյաները, որոնք մասնավոր անձին «դոպուսկ» են տվել այնպիսի տեղեր, որտեղ նա չպիտի լիներ]: Նիկոլ Փաշինյանը պարզապես շատ վատ, ահավոր վատ, աղետալի վատ կառավարիչ է, նա չունի պետությունը ղեկավարելու համար անհրաժեշտ որակներ:
3/ Կանխատեսումներս չափից դուրս հոռետեսական են:
Այստեղ, իհարկե, կարող եմ սխալվել՝ քաղաքագետները, հավանաբար, ավելի ճշգրիտ կանխատեսումներ կանեն: Ես ուղղակի առաջնորդվում եմ պարզ տրամաբանությամբ, եթե լուցկին տվել են ոչ կոմպետենտ մարդու, որն անզգուշորեն այրել է տան կեսը, ապա, լուցկին նրա ձեռքը մնալու դեպքում, վաղ թե ուշ կայրվի ամբողջ տունը:
4/ «Крепитесь, Запад нам поможет»:
Դա, իմ կարծիքով, պատրանք է: Ֆրանսիայի և Միացյալ նահանգների համար մեր խնդիրները 10-երորդական նշանակություն ունեն: Նրանք կարող են հանդես գալ «բարոյապես սատարող» հայտարարություններով [նաև Սենատի մակարդակով], ուղարկեն հումանիտար բրինձ-լոբի, բայց ոչ ավելին: Այս տարածաշրջանում շահեր ունի, անշուշտ, Ռուսաստանը: Բայց այս որակի, արտաքին քաղաքականության հարցերում այս աստիճանի «բոբիկ» ղեկավարության պարագայում շատ հնարավոր եմ համարում, որ ռուսները կրկին պայմանավորվեն թուրքերի հետ, և վերջիններս մեզ այստեղից, այսինքն՝ բուն Հայաստանի Հանրապետությունից քշեն: Այդ պարագայում կա-րելի է ակնկալել, որ Ֆրանսիան կամ Միացյալ Նահանգները մեզ նոր «նանսենյան անձնագրեր» կտան:
5/ «Բա որ Նիկոլը գնա, ո՞վ կգա»:
Հարցի հասցեատերը ես չեմ, կա խորհրդարան, կան կուսակցություններ: Կա, ի վերջո, Սահմանադրություն, որն այդ հարցերը կարգավորում է: Որևէ մի քաղաքական ուժի նկատմամբ առանձնակի համակրանք կամ հակակրանք չունեմ»։