Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ Հայաստանից Ռուսաստան մեկնած մեր քաղաքացիների մեծ մասը այնտեղ զբաղված է մեծածախ կամ հիմնականում մանրածախ առևտրով: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ Հայաստանից արտագաղթողների զգալի մասը մեկնում է Ռուսաստան: Այդ է պատճառը, որ երբ ՌԴ-ի իրավապահները ինչ-որ աննախադեպ սանկցիաների են գնում, դա անմիջապես մեր կողմից արձագանք է ստանում:
Եվ այսպես, Ռուսաստանի մայրաքաղաքում իրավապահ մարմինների կողմից լուրջ գործողություններ են իրականացվում` ուղղված մասնավորապես կովկասցի ներգաղթյալների դեմ: Իրավապահների արագ արձագանքման արդյունքը եղավ այն, որ առանց թույլտվության առևտուր կատարելու մեղադրանքով ձերբակալվեցին հարյուրավոր կովկասցի միգրանտներ: Առաջին հայացքից դա կարելի է որակել որպես պետության կողմից իրականացվող անհրաժեշտ քայլ, քանզի ՌԴ-ի օրենքներով ներգաղթողները պետք է թույլտվություն ունենան առևտրային գործունեություն ծավալելու համար: Սա առաջին հայացքից. քանզի այստեղ առկա է մի բայց, իսկ ի՞նչ է, ՌԴ-ում քի՞չ են անօրինական առևտրով զբաղվողները Միջին Ասիայից, Վիետնամից, Չինաստանից և այլ երկրներից: Ինչո՞ւ են միշտ առաջին գծում հայտնվում կովկասցիները:
Պարզ է, որ ՌԴ-ի իրավապահները միշտ արդարանալու պատճառ պետք է ունենան, և տվյալ պարագայում դա այն է, որ ոստիկանությունը մայրաքաղաքային շուկաների «մաքրումը» կազմակերպել է այն բանից հետո, երբ շաբաթ օրը շուկաներից մեկում ծեծի էր ենթարկվել ոստիկանության մի աշխատակից՝ բռնաբարության մեջ կասկածվող կովկասցի ներգաղթյալ տղամարդուն ձերբակալելիս: Այդ կարծիքին է նաև Մոսկվայի Հելսինկյան խմբի իրավապաշտպան, մարդու իրավունքների երիտասարդական շարժման անդամ, ռուս իրավապաշտպան Դմիտրի Մակարովը: Նրա գնահատմամբ՝ դա պայքար չէ օրինականության հաստատման համար, դա այլ բան է, քանի որ եթե առևտրային կետերում կովկասցի միգրանտները զբաղվում են անօրինական առևտրով, ապա ոստիկանությունը պետք է այդ խախտումը արձանագրի, իսկ արձանագրելուց հետո պետք է գործի դրվի տուգանքների համակարգը, ոչ թե դա վերածի «մարտական գործողությունների» միգրանտների դեմ:
Եղածը եղած է, սակայն եկեք նայենք, թե ինչ զարգացումներ կարող է ունենալ այս երևույթը և այդ զարգացումների հետևանքները, թե ինչ հարված կարող են հասցնել մեր երկրի քաղաքացիներին: Ճիշտն ասած` ինձ հանգիստ չի տալիս Մակարովի հետևյալ արտահայտութնունը` «Ռուսական իշխանությունները խաղում են ռուս ժողովրդի՝ կովկասցիների նկատմամբ բացասական տրամադրությունների վրա», իսկ եթե դա, Աստված մի արասցե, այդպես է, ապա նշանակում է, որ մոտ ժամանակներս հնարավոր է, որ ՌԴ-ից Հայաստան մեր քաղաքացիների լայնածավալ արտահոսք սկսվի: Եվ հենց այստեղ հարց է առաջանում` իսկ պատրա՞ստ է արդյոք Հայաստանը այսքան մարդկանց ապահովել աշխատանքով, սա հարցերի հարցն է, թե չէ վատ չէր լինի, որ մեր քաղաքացիները վերջապես վերադառնային հայրենիք: Բայց աշխատանք չունենալու պարագայում նրանց այստեղ իսկական մղջավանջ է սպասում: