1in.am-ը գրում է.

Այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանդիպման ժամանակ նստացույց հայտարարած ազատամարտիկները հայտարարեցին համազգային մոբիլիզացիայի անհրաժեշտության մասին: Հացադուլ հայտարարած ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն ասաց, որ կոչ են անում ազգովի հավաքվել Ազատության հրապարակում, որպեսզի իրենց հաղթանակած զինվորների հետ վերահսկեն պետականության երթը: 

«Թշնամին ոչ միայն ֆիզիկապես, այլև իր օտարածին մտքերով թափանցել է մեր մեջ, և միայն համազգային համախմբման արդյունքում է հնարավոր կարգավորել ազգային ու պետական խնդիրները: Մենք պատասխանատվություն ենք զգում պետության, պետականության, հայոց Եռաբլուրների հանդեպ, փողոցում հայտնված վատ իշխանավորից արդարություն պահանջող երիտասարդության ու մեր ժողովրդի հանդեպ: Մենք հասել ենք մի սահմանագծի, որն անցնելուց հետո այլևս ուշ կլինի». այսպիսի հայտարարությամբ հանդես եկան ազատամարտիկները: 

Խաչիկ Ավետիսյանն ասաց, որ հասարակության շրջանում թյուր կարծիք կա իրենց ծավալած պայքարի վերաբերյալ, թե իբր ազատամարտիկները սոցիալական խնդիրների համար են դուրս եկել ոտքի, ինչը թյուրիմացություն է: Իրենք պայքարի են ելել ոչ թե իրենց սոցիալական խնդիրների համար, այլ ողջ ազգի համար, ուստի և իշխանությանը, և ընդդիմությանը, և հասարակությանը կոչ են անում միասին դուրս գալ պայքարի: 

Իր հերթին Սուրեն Սարգսյանն ասաց, որ օգոստոսի ութին հանրահավաք են հրավիրում ՝ բոլորին հրավիրելով պայքարի, որտեղ էլ կբացեն բոլոր չակերտները պայքարի հետագա ընթացքի վերաբերյալ, կանդրադառնան գողությանն ու թալանին: 

«Մենք ասում ենք՝ որ պաշտոնյան վատ է աշխատում, պետք է չաշխատի: Եռաբլուրում մեր ընկերոջ գերեզմանը չկառուցեցին, այնինչ տենդերներ են շահում, գող իշխանավորը պետք է պատասխան տա: Ամբողջ ինֆորմացիան ունենք, մենք կխոսենք այդ մասին ամսի ութին»,- ասաց Սուրեն Սարգսյանը:

Ազատամարտիկ Խաչիկ Գալստյանը պարզաբանեց, որ հայտարարության իմաստն այն է, որ ոչ մի կուսակցության ոչ մի հրաժարական իրենց չի հետաքրքրում, իրենք միասնական պայքարի կողմնակից են, և իրենց պայքարում որևէ քաղաքական ենթատեքստ չեն հետապնդում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել