Lenta.ru-ն տեղեկացնում է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերն իրենց ենթակայության տակ գտնվող տարածքներում մարմիններ են հայտնաբերում: Սակայն այն վայրերում, որտեղ տեղի են ունեցել մարտերը, և ականներ են պայթել, բարդ է դիեր գտնելը: Այս մասին հայտնել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Փիթեր Մաուրերը:

Մաուրերը նշել է, որ արմատավորված ընթացակարգ գոյություն ունի, ըստ որի՝ մարմիններն արժանապատվորեն դուրս են բերվում, ճանաչվում է դրանց ինքնությունը, ապա դիերը փոխանցվում են հարազատներին:

Ըստ Մաուրերի, եթե աշխատանքները ձգձգվեն, ապա ձմռանը դիերը կփտեն, ինչն էլ ավելի կբարդացնի դրանց ճանաչման գործընթացը: Բացի դրանից՝ մնացորդների փտման հետևանքով կարող է վարակվել հողը:

Ներկայիս դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստվում է իր անդամների թվաքանակն ավելացնել Ղարաբաղում: «Մենք մեր ներկայությունը չորս անգամ կմեծացնենք: Այնտեղ բավականին քիչ մարդ ունեինք: Այժմ նախատեսում ենք տարածաշրջան լրացուցիչ 400-500 մարդ ուղարկել»,- ընդգծել է կոմիտեի ղեկավարը՝ ավելացնելով, որ ֆինանսավորումը ևս աճել է՝ 11 միլիոնից հասնելով 49,4 միլիոն դոլարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել