Երուսաղեմի հայոց պատրիրաքության գահակալ ամենապատիվ Տ. Նուրհան Պատրիարք Մանուկյանը երեկ՝ 20 նոյեմբերին, նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ, վսեմաշուք տիար Վլադիմիր Պուտինին:
Հարգարժան նախագահ,
Ողջունում ենք Ձեզ Սուրբ Քաղաք Երուսաղեմից և Սուրբ Երկրի Տնօրինական սրբավայրերից Ձեզ և ռուս ժողովրդին հղում ենք բյուր օրհնություն և աղոթք:
Ինչպես նաև մեր երախտագիտությունն ենք ուզում հայտնել Ձեզ, միջնորդության և կողմերի հետ զինադադարի հայտարարություն ստորագրելու համար, որով դադարեցրիք 44 օր տևած պատերազմն իր ամբողջ արհավիրքներով:
Հարգարժան նախագահ, ստորագրված հայտարարությունը նոր իրողություն է բացել արցախահայության և, առհասարակ, հայ ժողովրդի առջև: Ամենացավալին այն է, որ Ադրբեջանին հանձնվող տարածքներում պիտի մնան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր և այլ սրբավայրեր, որոնց պահպանության հարցն այսօր յուրաքանչյուր հայի համար դառձել է էական խնդիր, քանզի նրանց դեմ արդեն վանդալիզմ է սկսվել: Առ այդ դիմում ենք Ձեզ և խնդրում, որ առաջիկա բանակցությունների ընթացքում ջանքեր գործադրեք, վերոնշեալ սրբավայրերից որոնք որ հնարավոր է, Արցախի սահմանների մեջ ներառել, իսկ մյուսների պաշտպանության համար՝ ապահովել վստահելի երաշխիք:
Ավելին՝ պատերազմի արդյունքում Արցախի պատմական շրջաններից Հադրութը և հայ ժողովրդի մշակութային կարևոր կենտրոններից մեկը հանդիսացող Շուշի քաղաքը ևս հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Այսօր այնտեղ բնակվող տասնյակհազարավոր արցախցիներ անօթևան, անտուն և գաղթական են մնացել: Ուստի դարձյալ խնդրում եմ, որ Ձեր անմիջական միջնորդությամբ այս երկու պատմական շրջանները վերադարձվեն Արցախին, որպեսզի նրանց բնակիչները վերադառնան իրենց բնակարանները և շարունակեն ստեղծարար և շինարար իրենց կյանքը:
Մեծարգո տիար նախագահ, Ձեր պաշտոնավարման տարիները փաստում են, որ Դուք միշտ արդարամիտ, խաղաղասեր և մարդասեր ղեկավար եք եղել: Այս փաստը մեզ հույս և քաջություն է ներշնչում, որ շարադրենք այս խնդրանքը և աղոթքով ակնկալենք Ձեր դրական որոշումներին:
Ավելին՝ մեր վստահությունը գալիս է նաև նրանից, որ գերթե 15 տարի Երուսաղեմի Հայոց
Պատրիարքությունը Լույսի օրը ընդունել է Ռուսաստանի պաշտոնական պատվիրակությանը՝ հատուկ տեղ հատկացնելով Սուրբ Հարության տաճարի հայկական բաժնում, ինչի շնորհիվ արարողությունից հետո նրանք կարողացել են արագ կենարար Լույսը հասցնել Մոսկվա, որը մեծ օրհնության աղբյուր է միլիոնավոր հավատացյալների համար:
Աղոթում ենք Ձեր քաջառողջության և գործերի հաջողության համար և Աստծուց խնդրում ենք, որ Ձեզ, Ռուսաստանին եւ ռուս ժողովրդին պարգևի բարօրություն և արևշատություն:
Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյան
Հայ պատրիարք Երուսաղեմի