Երբ վերջերս համացանցում աղմուկ բարձրացվեց, որ Ազգային ժողովի մեքենաների տուգանքը վճարվում է ԱԺ բյուջեից, ճիշտն ասած կարծում էի, որ դրան կհետևի պատկան մարմինների հերքումը, բայց ընդամենը հանդիպեցինք մի անհեթեթ պարզաբանման: «Տուգանքների գումարները մենք մուծում ենք միայն այն ժամանակ, եթե դրսից պատվիրակություններ են գալիս. դե արագ օդանավակայան են գնում, օդանավակայանից են գալիս, պրոտոկոլից ուշանում են: ԳԱԻ-ի հետ պայմանավորվածություն ունենք, որ չեն տուգանում, նայում են որպես պետական գործ: Հովիկ Աբրահամյանին խախտում չի գալիս, անվտանգության խորհրդի անդամ է, էդ էլ են նայում որպես պետական գործ»: Ավելին, պարզվել է, որ պատգամավորներին ընդհանրապես տուգանքներ չեն գալիս՝ տեսագրությունները «վերծանելիս» որոշակի համարներ հանվում են. պետական եւ այլ «արտոնյալ» մեքենաների ցանկ կա, որոնք չեն տուգանվում: Հավանաբար մեր մնացյալ քաղաքացիները, ապրելով ու աշխատելով մեր երկրում, երևի այլ պետությունների համար են գործ անում, դրա համար էլ տուգանվում են: Գաղտնիք չէ, որ տեղադրված արագաչափերի կողմից ֆիքսված իրավախախտումներից ստացված տուգանքների 30 տոկոսը գնում է պետությանը, իսկ 70 տոկոսը` մասնավոր ընկերության: Այսինքն՝ ստացվում է, որ պետությունն իր գրպանից գումար է վճարում բավական ազդեցիկ տերերի մասնավոր ընկերությանը, և որքան շատ են խախտում անում մեր իշխանավորները, այնքան ավելի է տռզում համապատասխան այրերի գրպանները: Ու երբ իմանում ես, որ այս տեխնիկական սարքավորումների տեղադրման արդյունքում, միևնույն է, տուգանքները նշանակվում են մարդկային սուբյեկտիվ գործոնով պայմանավորված, այսինքն` տեխնիկայի նյութերին ընթացք է տրվում ըստ հայեցողության՝ խախտում անողի կարգավիճակով ու զբաղեցրած դիրքով պայմանավորված, այդ դեպքում հարց է ծագում, թե էլ ի՞նչ իմաստ ուներ այս ծառայությունը մասնավորեցնելը, եթե միևնույն է օրենքի առաջ բոլորը չեն հավասար լինելու, ու տուգանքը «անողոք» սարքավորումը չի նշանակելու, այլ այն կատարվելու է ընտրանքային կարգով: Կնշանակի` իմաստազրկվում է շարունակել նորանոր տեսախցիկներ տեղադրել ու հասարակ ժողովրդի գրպանից պաշտոնավորների գրպանները լցնել, քանի որ այլևս պարզ է, որ երկրում երթևեկության կարգուկանոն չի հաստատվելու, քանի որ հիմնական խախտողները ինչպես եղել էին, այնպես էլ շարունակում են մնալ արտոնյալները, և երթևեկության այս խառնաշփոթը հենց իրենց պատճառով է լինում հիմնականում: Ուղղակի այս ձևով լուծեցին երկու հիմնական հարց: Հերթական հնարքը գտան մեր մեծահարուստներին սովորական քաղաքացիների հաշվին ավելի հարստացնելու, և երկրորդը՝ երբ ժամանակին փողոցում ճանապարհային տեսուչը կանգնեցնում էր մի շարքային մահկանացուի մեքենա ու արձանագրություն կազմում արագ երթևեկելու համար, շատ հաճախ հենց այդ պահին իրենց կողքով անցնում էր «արտոնյալի» մեքենա՝ ինքնաթիռին վայել արագությամբ, և երբ մեր այս խեղճ օրինախախտը ասում էր՝ բա ինչո՞ւ նրան չես կանգնեցնում, պատասխանը լինում էր՝ կամ չնկատեցի, քանի որ քեզանով էի զբաղված, կամ էլ՝ նրան ո՞վ կարող է կանգնեցնել: Երկու դեպքում էլ ոստիկանը անհարմար վիճակում էր հայտնվում, քանի որ մեկի վրա արձանագրություն կազմելիս զուգահեռաբար արձանագրում էր իր անճարակությունը: Իսկ հիմա ամեն ինչ «քաղաքակիրթ է», ով ինչ խախտում ուզում, անում է, արձանագրողն էլ աչքից-ունքից հեռու որն ուզում՝ նա էլ արձանագրում է: Ուստի, որքան էլ կատարելագործվի տեխնիկան, արդյունքում մենք գործ ենք ունենալու ամենահետամնաց մարդկային գործոնով պայմանավորված հարաբերությունների հետ: Եվ որքան էլ փորձենք ըմբոստանալ, արդարություն պահանջել, մեկ է, առաջիկա մի քանի տարվա համար մեզ կարգախոսի լեզվով կատեգորիկ պատասխանել են՝ «Սա Հայաստանն է և վերջ»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=377963515659662&id=100003380511187
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել