Հայաստանում սուգ է։ Երկիրն ունի անդառնալի կորուստներ։ Ժողովուրդը վշտի մեջ է, հայությունը՝ ողբի և ամոթի։ Հազարավոր օջախներում լույսը մարել է։ Ամեն մեկը, բացի հայրենիքի կորստից և համահայկական ամոթից, ողբում է նաև իր օջախի կորուստը։ Այդ ընտանիքներից մեկը նաև մենք ենք։ Այսօր մահացավ մեր Ռիտան։
Ռիտայի մահվան պաշտոնական պատճառը կորոնավիրուսն է, բժիշկներն ասում են՝ դիմադրողականությունը չբավարարեց, բայց լավ ճանաչելով նրան, ես համոզված եմ՝ նա պարտվեց կորոնավիրուսին, որովհետև սիրտը չդիմացավ։ Ռիտայի սիրտը չդիմացավ տեսնելով այս ամենը՝ համատարած ցավը, ամոթը, քաոսը...։
Ռիտան մեզ հետ չէ, բայց նա կապրի այն հազարավոր մանուկների աչքերում ու ժպիտներում, ովքեր նրա նախաձեռնությունների շնորհիվ լույս աշխարհ եկան կամ երկրորդ կյանք ստացան։
Ռիտան մեզ հետ չէ, բայց նա կմնա ռումբերի տակ ապաստարանում ապրածների հուշերում, որտեղ նաև ինքն էր՝ իր մանկահասակ դուստրերի հետ: Նա կապրի հաղթանակած զինվորների ու հրամանատարների հուշերում, որոնց կերակրում էր, երբ ամուսնու հետ տուն էին դառնում ռազմաճակատից:
Մեր Ռիտան կապրի Շուշիի երկնքում, որտեղ կազմակերպում էր աշնանային փառատոններ ու բարեգործական հավաքներ: Նա կապրի հազարավոր օտարների հուշերում, ովքեր ավելի լավ ճանաչեցին Հայաստանն ու հայերին առաջին տիկին Ռիտա Սարգսյանով։
Եվ նա հավերժ կապրի մեր աղոթքներում ու ապագայի ժպտացող հայրենիքում։ Ապագայի, որում տեղ չեն ունենա և վստահեցնում եմ, չե՛ն լինի դավաճաններն ու ազգադավ հանցագործները։