News.am-ը գրում է.

Իհարկե վիշտը ծանր է, մանավանդ այս օրերին, երբ ամբողջ հայ ազգն է այս դժվար իրավիճակում. Եկել եմ, որ հոգեհանգստին ու հուղարկավորությանը մասնակցեմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողության ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Ուզում եմ կիսել հարազատների, մեր բոլոր մարտական ընկերների, ողջ ժողովրդի հետ այս ցավը: Կարծում եմ, որ Մանվելի անցած ճանապարհը խոսում է այն մասին, որ նա արժանին մատուցել է եւ հայ ժողովրդին, եւ Արցախի ժողովրդին: Իրականում նա Արցախի հերոս կոչմանն արժանացել է մարտական գործողությունների եւ նաեւ երկար տարիներ Արցախում կատարած իր ծառայությունների համար, այնուհետեւ նաեւ հայկական բանակում ծառայության ընթացքում:

Այսօր, իհարկե, այս վշտի պահյին չեմ ուզում անդրադառնալ այն բոլոր սխրագործություններին , որ ինքը կատարել է, բայց Մանվել Գրիգորյանը այն գեներալներից, որ հայկական բանակի ակունքներում է կանգնած եղել եւ կարծում եմ՝ մենք բոլորս այս ցավի պահին սփոփանքի խոսք պետք է ասենք բոլորին, առաջին հերթին ընտանիքին, հարազտաներին, զավակներին եւ բոլորին»,-ասաց նա:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանն արդեն երկար ժամանակ վատառողջ էր: Նա վերջին օրերին գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Պատերազմի մեկնարկից հետո մեկ շաբաթ Արցախում լինելու ժամանակ վարակվել էր կորոնավիրուսով եւ  առողջական վիճակը կտրուկ վատացել էր, տեղափոխվել էր Երեւան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել