Անհնար է համակերպվել այն մտքի հետ, որ պարտվել ենք։ Այո՛, պարտվել ենք բոլորս՝ բացի ՆՐԱՆՑԻՑ... Անվախ առյուծներ, լեռնային արծիվներ, անպատում, հզոր քաջեր, ամենազոր առասպելական էակներ... Եվ դեռ ինչե՜ր ու ինչե՜ր կարելի է գրել ու փառաբանել Ձեզ, ՏՂԵ՜ՐՔ։
Իմ գլխում չի տեղավորվում այն, թե ինչպես ստացվեց, որ անպարտելի ոգու ու արիության տեր այս խիզախ երիտասարդները թիկունքից հարված ստացան քրիստոնյա հայերից։ ՆՐԱՆՔ, ովքեր, ոգևորված ու ոգեշնչված արցախյան պատերազմների զինվորների և հերոսների սխրանքներով, հայրենիքի համար մեռնելու պատրաստակամություն հայտնեցին և առանց վարանելու մղվեցին ռազմի դաշտ՝ թուրքին ջարդելու։
Մեր անպարտելի հերոսների ազնիվ անունը վեհ պահելու համար, որոնց անասելի սխրանքները ցանկանում են զրպարտել Հայաստանի և Արցախի իշխանությունները, պարտավոր եմ մի քանի փաստեր ներկայացնել։
Հայաստանի և Արցախի զինված ուժերի ընդհանուր ներուժը մոտ հինգ անգամ զիջում է Ադրբեջանի ընդհանուր ռազմական ներուժին: Ադրբեջանցիները ռազմական գործողություններ սկսեցին երկու ուղղությամբ՝ հյուսիս-արևմուտքում և հարավ-արևելքում: Նման գերազանցությամբ նրանք պատերազմի առաջին յոթ օրվա ընթացքում, հսկայական կորուստներ կրելով, կարողացան հաղթահարել ընդամենը մի քանի կիլոմետր: Հասկանալով, որ չեն կարողանա այսպես առաջ շարժվել, նրանք մեկ շաբաթ անց վերախմբավորեցին իրենց ուժերը՝ կենտրոնանալով հարավարևելյան ուղղությամբ: Այս ուղղությամբ նրանց ուժերը 10-12 անգամ գերազանցում էին մեր ուժերին:
Անհնար է խոսել այս ցուցանիշների մասին և զսպել հուզմունքը։ Ունենալով այդպիսի գերազանցություն՝ նրանք մեկ ամսվա ընթացքում հաղթահարեցին 30-40 կմ։ Այնուհետև ճեղքեցին պաշտպանության բոլոր գծերը և մտան օպերատիվ տարածք, որտեղ շարունակեցին հանդիպել հայերի կատաղի դիմադրությանը:
Ունենալով նման գերազանցություն՝ թշնամին 3 օր գրավում էր Շուշին։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կպահանջվեր նրանցից Ստեփանակերտը գրավելու համար։
Ես կարող եմ միայն մեկ բան ասել. մեր զորքերի հրամանատարական կազմի թե՛ օպերատիվ արվեստը և թե՛ մարտավարական պատրաստվածությունը գերազանց է, քաջությունն՝ անասելի: Չնայած թշնամու հրեշավոր գերազանցությանը՝ մեր ՏՂԵՐՔԸ հրաշքներ գործեցին: Այլ բան չեմ կարող ասել:
Հայրենիք պաշտպանելը գիտակցություն է, իսկ ի՞նչ է հայրենիք դավաճանելը։ Խորամանկ դավերի մասին կարդացել ենք պատմավեպերում ու տեսել կինոներում, բայց սա կինո չէ, սա ողբերգություն է, որը տեղի է ունենում իրական կյանքում։