ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից բարբարոսության դրսեւորումները։

ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Կրակի դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերը շարունակում են իրենց բնորոշ յուրատեսակ «պատերազմը» հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության դեմ՝ ոչնչացնելով եւ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով կրոնական վայրերի եւ հուշարձանների նկատմամբ: Ադրբեջանական կողմի թիրախավորման առարկա է դարձել նաեւ Արցախի Շուշի քաղաքում գտնվող Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս, Հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը:

Խստորեն դատապարտելի է նաեւ Արցախի զառամյալ քաղաքացու նկատմամբ ադրբեջանական զինվորների նվաստացուցիչ վերաբերումքը՝ պայմանավորված բացառապես նրա էթնիկ ծագմամբ: Այդ քայլը, ինչպես նաեւ դրա գովաբանումն ադրբեջանական հասարակության կողմից, պարզապես ընդունված բարոյական արժեհամակարգի մերժում է:

Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունները գովաբանող տեսանյութերի հրապարակմամբ օրեցօր հարստացվում է Ադրբեջանի հայատյաց եւ ռասիստական քաղաքականության վերաբերյալ փաստական ապացույցների փաթեթը:

Ընդգծենք, որ զինված ուժերի կողմից միջազգային հումանիտար իրավունքի հանդեպ հարգանքը եւ խաղաղ բնակչության հանդեպ դրսեւորած հարգանքով են կանոնավոր զորքերը տարբերվում անկանոն ահաբեկիչներից, իսկ պետությունները՝ ահաբեկչական կազմակերպություններից։

Այս օրերին ադրբեջանական կողմի վայրագությունների հիմքն Ադրբեջանի ղեկավարության կողմից տասնամյակներ շարունակ հրահրված եւ խրախուսված հայատյաց քաղաքականությունն է, որը մշտապես, իսկ այսօր առավել եւս, ուղղված է արցախահայության նկատմամբ էթնիկ զտումների ու ցեղասպան նկրտումների իրականացմանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել