Ի՞նչ սկզբունքով է վերաբաշխվում կապիտալը Հայաստանում: Ինչո՞ւ են շուկայական հարաբերությունները Հայաստանում այսքան չկարգավորված: Ինչո՞ւ են որոշ մարդիկ այնքան հարստանում, որ իրենց հարստությամբ կարող են մրցել զարգացած երկրների հարուստների հետ: Ինչո՞ւ են մեր երկրի հարյուր հազարավոր մարդիկ այն աստիճանի աղքատ, որ ծախելով իրենց ունեցած վերջինը` լքում են երկիրը: Սա աննորմալ երևույթ է, երբ ժողովրդի զգալի մասը ծայրաստիճան աղքատ է, իսկ նրա աննշան մասն այնքան հարուստ է, որ Հայաստանի բյուջեն իրենց ծիծաղելի է թվում, երբ այն համեմատության մեջ են դնում իրենց ունեցվածքի հետ. սա դեմ է արդարության մասին եղած բոլոր պատկերացումներին: Մի՞գուցե ամեն ինչ սկսվել է նրանից, որ ազգային հարստությունը, նրա ռեսուրսները և պետական նշանակության ոլորտները դարձել են շուկայական հարաբերությունների անբաժանելի մաս: Ինչևիցե, ունենք հետևյալ պատկերը` միլիարդատերերի կողքին հացի խնդիր լուծող քաղաքացիներ, միլիարդատերերի կողքին չբուժվելուց մահացողներ, միլիարդատերերի կողքին ճարահատյալ իրենց տունը վաճառած, վարձով ապրողներ, միլիարդատերերի կողքին բանկերի տոկոսների տակ ճկռողներ, միլիարդատերերի կողքին մարդիկ, որոնց համար տրանսպորտի թանկացումը 50 դրամով հավասարազոր էր աղետի: Սա մեծագույն խնդիր է, որին պետք է անդրադառնալ ամեն օր. չգիտես, թե ինչու մեզ մոտ ձևավորվել է մի այնպիսի մտածելակերպ, որ այս խնդիրը անլուծելի է, այսինքն՝ հարուստների և աղքատների միջև առկա անջրպետը, որը օր օրի մեծանում է, հնարավոր չէ վերացնել: Քաղաքական ուժերից շատերը նախընտրում են այս թեմային ընդհանրապես չանդրադառնալ, մի՞գուցե գլխավոր պատճառներից մեկը այն է, որ հարստությունը կենտրոնացած է հենց իրենցից ոմանց մոտ: Լավ գիտակցելով, որ հարստության վերաբաշխման խնդիրը այսօրվա պայմաններում ուտոպիա է, ես այն կարծիքին եմ, որ գոնե հիմա, օգտագործելով բոլոր հնարքները, պետք է կանգնեցնել այս բևեռացումը, քանի որ այս բևեռացումը միանշանակ լավ բանի չի բերելու:
Հ.Գ Այսպիսի ծայրաստիճան բևեռացման վերացումն ամենևին էլ չի նշանակում սահմանել և հաստատել կոմունիստական հավասարության գաղափարախոսությունը, այն իր դարը վաղուց ապրել է, բայց շարունակել այս ոճով դա կործանարար է մեր երկրի համար: Հաշվի առնելով այս ամենը՝ պետք է անել հետևություններ և անհապաղ կանգնեցնել այս աղետաբեր անջրպետը: