1in.am-ը գրում է.

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում իրական արշավ է սկսվել ներգաղթյալների, մասնավորապես՝ կովկասցի ներգաղթյալների դեմ: Մոսկվայի շուկաներում այս օրերին սկսված պրոֆիլակտիկ գործողության հետևանքով ձերբակալվել են հարյուրավոր կովկասցի միգրանտներ՝ շուկայում առանց թույլտվության առևտուր կատարելու մեղադրանքով: Ոստիկանությունը մայրաքաղաքային շուկաների «մաքրումը» կազմակերպել է այն բանից հետո, երբ շաբաթ օրը շուկաներից մեկում ծեծի էր ենթարկվել ոստիկանության մի աշխատակից՝ բռնաբարության մեջ կասկածվող կովկասցի ներգաղթյալ տղամարդուն ձերբակալելիս: 

Այս մասին իր գնահատականը ներկայացրեց Մոսկվայի Հելսինկյան խմբի իրավապաշտպան, մարդու իրավունքների երիտասարդական շարժման անդամ, ռուս իրավապաշտպան Դմիտրի Մակարովը: Նա միանշանակ պնդեց, որ ոստիկանությունն իր լիազորությունները գերազանցել է, իսկ տեղի ունեցողն ու ՌԴ ոստիկանության գործողություններն, ըստ նրա, կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Նրա համոզմամբ՝ այդ արշավը միգրանտների դեմ պայմանավորված է Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների նախընտրական արշավով:

«Իշխանությունները պետք է ցուցադրեն, որ արձագանքում են այնպիսի քննարկվող թեմային, ինչպիսին անօրինական միգրանտներն են, որոնք շուկաներում են կենտրոնացած աշխատում: Իշխանությունը ձգտում է ցույց տալ, որ ինչ-որ կերպ արձագանքում է այդ հարցին ընտրություններից առաջ, որն անհանգստացնում է ողջ հանրությանը, բայց, բնականաբար, արձագանքի այդ եղանակն ավելի խորացնում է առկա խնդիրը: Հասկանալի է, որ շուկաների մեծ մասում, եթե նույնիսկ տեղի է ունենում ոչ արտոնված առևտուր, իշխանությունների իմացությամբ է իրականացվում՝ կոռուպցիոն գործարքների միջոցով»,- մեկնաբանեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ իշխանությունը փորձում է ռուս ժողովրդի բացասական վերաբերմունքն անօրինական միգրանտների նկատմամբ օգտագործել նախընտրական շրջանում՝ քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով: 

Վերջինիս դիտարկումներով, եթե շուկաներում միգրանտները զբաղվում են անօրինական առևտրով, ապա ոստիկանությունը պետք է այդ խախտումը հայտնաբերի, ապա գործի դնի տուգանքների համակարգը, ոչ թե դա հանրայնացնի և միգրանտների դեմ ձեռնարկված արշավի վերածի: Մակարովի գնահատմամբ՝ դա պայքար չէ օրինականության հաստատման համար, դա այլ բան է:

«Ոստիկանությունն առաջին հերթին պետք է առաջնորդվի մարդու իրավունքներով և պետք է ոստիկանության արձագանքը լինի սպառնալիքին համարժեք: Հաստատ ոչ արտոնված առևտուրն այնպիսի սպառնալիք չէ, որպեսզի նման վերաբերմունք լիներ: Ռուսական իշխանությունները խաղում են ռուս ժողովրդի՝ կովկասցիների նկատմամբ բացասական տրամադրությունների վրա»,- նկատեց ռուսաստանցի իրավապաշտպանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել