Razm.info-ն գրում է․

«Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն»: Սերժ Սարգսյան, 25.03.2017թ․

Razm.info-ն հերթով կներկայացնի, թե որոնք էին Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները։

ՍԱՆՂԱՉԱԼԻ ՏԵՐՄԻՆԱԼ, ԹԻՐԱԽ №1։

Այս տերմինալն Ադրբեջանի խոշորագույն ու կարևորագույն նավթագազային օբյեկտն է։ Գտնվում է Բաքվից մոտ 30-35կմ հարավ-արևմուտք, Սանղաչալ ավանի հարևանությամբ։ Այն զբաղեցնում է շուրջ 500հա տարածք։ Այս տերմինալում են գտնվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառավարման կենտրոնն ու գլխամասային պոմպակայանը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի գլխամասային պոմպակայանը, նավթի ու գազի պահեստավորման ու վերամշակման ենթակառուցվածքներ։

Ընդհանուր թվով տերմինալն ունի թվով նավթի 7 պահեստարան, որոնցից 3-ի տարողությունն 880,000, իսկ 4-ինը՝ 25,500 բարել է (ընդհանուր՝ 2,742,000 բարել)։ Սանղաչալի թողունակությունը կազմում է օրական 1,200,000 բարել նավթ և 29,500,000 խորանարդ մետր գազ։ Բացի ադրբեջանական նավթից ու գազից, Սանղաչալն օգտագործվում է նաև Ղազախստանից ու Թուրքմենստանից նավթամթերք արտահանելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել