News.am-ը գրում է․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ չի հասկացել՝ ինչու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել խաղաղ փախստականներին Շուշի քաղաք վերադարձնելու Ադրբեջանի պայմանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պուտինի խոսքով՝ Շուշիի հարցը ծագել էր այդ հակամարտության, այդ ճգնաժամի ընթացքում: «Հոկտեմբերի 19-20-ին ես հեռախոսազրույցներ եմ ունեցել ինչպես նախագահ Ալիեւի, այնպես էլ վարչապետ Փաշինյանի հետ: Այդ ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողություն էին սահմանել Ղարաբաղի հարավային մասի մի շարք տարածքների վրա,-պատմել է Ռուսաստանի նախագահը:-Ընդհանուր առմամբ, ինձ հաջողվել էր համոզել նախագահ Ալիեւին, որ կարելի է դադարեցնել մարտական գործողությունները, սակայն նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ քաղաք Շուշի»:

«Ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերների դիրքորոշումը ձեւակերպված էր այնպես, որ դա նրանց համար անընդունել էր, եւ վարչապետ Փաշինյանն ինձ ուղիղ ասել էր, որ դրանում սպառնալիք է տեսնում Հայաստանի եւ Ղարաբաղի համար: Ինձ համար այժմ նույնպես անհասկանալի է՝ ինչն էր այդ սպառնալիքը՝ նկատի ունենալով, որ ենթադրվում էր խաղաղ քաղաքացիների վերադարձը, երբ պետք է հայկական կողմը հսկողություն սահմաներ Ղարաբաղի տվյալ տարածքում, ներառյալ՝ Շուշիում, եւ նկատի չունենալով մեր խաղաղապահների ներկայությունը»,-նշել է Պուտինը: «Ինձ վարչապետն այդ ժամանակ ասել էր. «Ոչ, չենք կարող դա ընդունել, մենք կպայքարենք, կպատերազմենք»: Այդ պատճառով նրա հասցեին արված ինչ-որ դավաճանության մասին հայտարարություններն անհիմն են,-համոզված է Պուտինը: «Խնդիրն այլ է՝ ճիշտ էր, թե սխալ, բայց այդ հարցում խոսք անգամ չէր կարող գնալ ինչ-որ դավաճանության մասին»,-համոզված է ՌԴ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել