Արդեն մի քանի անգամ առիթ ենք ունեցել համոզվելու, որ վրանը սովորական իր չէ։ Այն յուրահատուկ ազդեցություն է ունենում ՀՀ ոստիկանության աշխատակիցների վրա կամ նրանց մեծամասնության վրա։ Ասենք որևէ առիթով, որևէ վայրում մի խումբ ՀՀ քաղաքացիներ նստացույց են անում, կամ հանրահավաք են անում, կամ ակցիաներ են կազմակերպում։ Ոստիկանությունը ժամնակա առ ժամանակ գուցե փորձում է խոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժը, խաբելով վախացնել, թե նրանց պատասխանատվության կենթարկեն, բայց ամեն դեպքում հանգիստ են, մարդամոտ, երբեմն նույնիսկ ժպտում են։ Բայց վրան տեսնելուն պես խուճապի են մատնվում, կտրուկ փոխում են վարքը, այս ու այն կողմ վազվզում, տարօրինակ շարժումներ կատարում։ Որոշ ոստիկանների մոտ վրանային տենդը կարող է հասնել ընդհուպ մինչև հիստերիայի իսկ երբեմն էլ շիզոֆրենիայի։ Մի անգամ Մաշտոցի պուրակի պայքարի ժամանակ ոստիկանական մի ողջ ջոկատ տարերքի մեջ ընկած հարձակվել էր դատարկ վրանի վրա ու ջախջախիչ հաղթանակ տարել դրա նկատմամբ։ Սա միակ դեպքը չէ, երբ ոստիկանները հարձակվում են վրանի վրա, հալածում այն, ստորացնում, հոշոտում։ Այդպիսի պահերին շատ վտանգավոր է ոստիկանի հետ ցանկացած տեսակի շփում։ Նա կարող է ակամայից վնասել ցանկացած մարդու, քանի որ այդ պահերին նա գտնվում է ավելի ոչ ադեկվատ վիճակում, քան սովորական ոստիկանական ոչ ադեկվատ վիճակն է։ Վրանը մի իսկական առեղծված է դարձել մոլորակի մեծանուն գիտնականների համար, ովքեր փորձում են հասկանալ, թե ինչու է այն այդպես արագ ու բացասական ներգործություն ունենում ՀՀ ոստիկանի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել