Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթDoctors.am-ը գրում է.

1990 թվականից ի վեր կրծքով կերակրման կարևորությունը ևս մեկ անգամ ընդգծելու համար օգոստոսի 1-7 նշվում է որպես Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթ աշխարհի ավելի քան 170 երկրում:

Առանցքային փաստեր`

- ըստ երեխաների իրավունքների համաձայնագրի ՝ յուրաքանչյուր նորածին և  փոքր երեխա ունի պատշաճ սնուցում ստանալու իրավունք,
- երեխաների մահվան դեպքերի  45%-ը պայմանավորված է թերսնուցմամբ,
- աշխարհում  5 տարեկանից փոքր մոտ 165 միլիոն երեխա թերաճ է, իսկ 100 միլիոնն ունի քաշ/հասակ հարաբերակցության ցածր ցուցանիշ՝ որպես վատ սնուցման ու կրկնվող վարակների արդյունք: Միևնույն  ժամանակ,մոտ  43 մլն երեխա ունի ավելորդ քաշի կամ ճարպակալման խնդիր,
- 0-6 ամսական նորածինների 38%-ը կերակրվում է բացառապես կրծքով,
- երեխաների շատ փոքր մասն է ստանում լիարժեք ու անվտանգ հավելյալ սնուցում. շատ երկրներում   փոքր երեխաների միայն մեկ երրորդն է ստանում բազմազանությամբ և հաճախականությամբ իր տարիքին համապատասխան սնունդ,
- տարեկան մոտ 220 000 երեխայի կյանք է հնարավոր փրկել ` կրծքով կերակրելու և ճիշտ հավելյալ սնուցման սկզբունքների լուսաբանման միջոցով:

Մինչև 5 տ. երեխաների մոտ հիվանդությունների առաջացման հիմնական պատճառը թերսնուցումն է: Երեխայի կյանքի առաջին երկու տարիներին սնուցման խնդիրն առանցքային դեր է կատարում առողջ աճի և զարգացման, ինչպես նաև մահացության կրճատման հարցում՝ կանխելով քրոնիկ հիվանդությունների առաջացման հավանականությունը: Ավելի հստակ պատկերացում կազմելու համար նշենք, որ կրծքով սնուցումն ու լիարժեք սնունդն այնքան կարևոր են, որ, այդ խնդիրը լուծելով, յուրաքանչյուր տարի կարելի է փրկել 220 000 կյանք:

ԱՀԿ-ն և UNICEF-ը խորհուրդ են տալիս`

- կրծքով կերակրել ծնվելուց անմիջապես հետո՝ 1 ժամվա ընթացքում,
- բացառապես կրծքով կերակրել կյանքի առաջին 6 ամիսներին , 
- լիարժեք և առողջ սնուցում  ապահովել  6 ամսականից մինչև 2 տարեկանը՝ կրծքով կերակրման հետ մեկտեղ:

Ըստ վիճակագրական  տվյալների՝ ամբողջ աշխարհում նորածինների  ընդամենը  38 %-ն է մինչև 6 ամսական  հասակը կերակրվում միայն  կրծքով: Դա նշանակում է, որ բազմաթիվ նորածիններ թերսնուցման  խնդիր  ունեն:
 
Մինչդեռ մինչև 6 ամսականը բացառապես կրծքով կերակրվելն ունի բազմաթիվ առավելություններ թե՛ երեխայի, թե՛ մոր համար: Հիմնական առավելությունն  աղեստամոքսային վարակների կանխարգելումն է: Ծնվելուց անմիջապես հետո  1 ժամվա ընթացքում կրծքով կերակրելը նվազեցնում է նորածինների  մահացության ցուցանիշը:  

Շատ կարևոր է 1-6 ամսական կրծքով կերակրվող երեխային հավելյալ սնունդ չտալը. այս  տարիքում ցանկալի չէ նույնիսկ ջուրը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել