Armsport.am-ը գրում է.
Օգոստոսի 10-ից սեպտեմբերի 4-ը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում նախանշված է ՖԻԴԵ-ի «Աշխարհի Գավաթի» 2013 թվականի խաղարկությունը։
128 շախմատիստների մեջ են նաև Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը, գրոսմայստերներ՝ Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսեսյանը եւ Հրանտ Մելքումյանը։ Վերջին երեքը՝ մասնակցության իրավունքը ձեռք են բերել Եվրոպայի 2012/2013 թթ. առաջնության արդյունքներով:
Ավելի ուշ, նոյեմբերին ՖԻԴԵ-ի նախաձեռնությամբ, Լեհաստանում և Թուրքիայում, համապատասխանաբար, անցկացվելու են շախմատի Եվրոպայի և Աշխարհի տղամարդկանց առաջնությունները, որոնց մասնակցելու է Հայաստանի «ոսկե» հավաքականը։ Այդ նպատակով, այս օրերին, օլիմպիական եռակի չեմպիոնները (բացառությամբ՝ առայժմ անհատական ծրագրով մարզվող Սերգեյ Մովսեսյանի), ընտրանու գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ, հավաքների էին Ծաղկաձորում։
Armsport.am-ը համաշխարհային շախմատային տարվա հայկական սպասելիքների մասին զրուցեց հավաքականի փորձառու գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանի հետ։
-Վլադիմիր, հայտնի է, որ այս տարվա օգոստոսի 10-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկում է «Աշխարհի Գավաթի» 2013 թվականի խաղարկությունը, որտեղ Հայաստանը ներկայացնելու եք Դուք, ինչպես նաև Ձեր մյուս խաղընկերները՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանը։ Մյուս կողմից, վերջին մի քանի օրը, Ծաղկաձորում մարզվում էիք՝ Եվրոպայի և Աշխարհի գալիք առաջնություններին նախապատրաստվելու համար։ Ինչպե՞ս եք համատեղելու այս երեք՝ անչափ կարևոր ու ծանր մրցաշարերը։
- Ինչ վերաբերում է Նորվեգիայում կայանալիք Աշխարհի Գավաթին , ապա բարդ է որևէ կանխատեսում ունել այդ առնչությամբ՝ հաշվի առնելով խաղարկության առանձնահատկությունները։ Կարելի է ասել, որ Աշխարհի Գավաթը վիճակախաղ է հիշեցնում և անհնարին է ինչ-որ բան ծրագրելն ու իրագործելը։ Այնտեղ ամեն ինչ կարող է պատահել, քանի որ ճակատագրական կարող է լինել մեկ պարտիան։
-Աշխարհի Գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք ՝ ձեռք էիք բերել Եվրոպայի նախորդ մրցաշրջանում գրանցած արդյունքների հիման վրա։ Պատկերավոր ասած, Եվրոպան՝ ընկալում եք որպես Աշխարհի Գավաթի ցատկահարթակ, նախադուռ, իսկ ո՞րն է, այդ դեպքում, Աշխարհի Գավաթի խաղարկության նշանակությունն ու հեռանկարը մեր բազմամյա գրոսմայստերի համար։
- Աշխարհի Գավաթի խաղարկությունում անչափ կարևոր են բախտի, հաջողակ լինելու գործոնները։
Շատ կարևոր է նաև, թե ինչ մարզավիճակում ես մոտենում մրցաշարին։ Ամեն դեպքում, հուսանք, որ լավ կլինի և հայկական պատվիրակությամբ կփորձենք արժանի ներկայանալ Նորվեգիայում նախանշված Գավաթի խաղարկությանը։ Տեսնենք՝ ինչպես կստացվի։
-Արդեն գիտենք, որ նոյեմբերին, նախ հանդես եք գալու Եվրոպայի թիմային առաջնությունում, եվ ապա նույն ամսվա վերջին մեկնարկելու է համաշխարհային մրցությունը։ Այդ ստուգատեսների մասնակցելու համար, մարզվում էիք Ծաղկաձորում, ինչպե՞ս ընթացավ հավաքը։
-Ծաղկաձորում՝ միջանկյալ հաավք էր, որն ուղղակի նպատակ ուներ մեկտեղել հավաքականի տղաներին՝ երկար դադարից հետո։ Վերջին անգամ համատեղ հավաք ունեցել էինք Ստամբուլում 2012 թ. կայացած համաշխարհային Օլիմպիադայից առաջ, որում, ինչպես գիտեք, Հայաստանի շախմատի հավաքականը երրորդ անգամ հռչակվեց օլիմպիական չեմպիոն։ Այնպես որ, բավական ժամանակ էր անցել, և կարիք կար, նորից հավաքվել, որպեսզի շատ չկտրվենք միմյանցից՝ մանավանդ նկատի ունենալով առաջիկա թիմային մրցաշարերը։ Պետք է ասեմ, որ, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի վերջին կլինի եզրափակիչ հավաք, որով կամբողջացնենք Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունների նախապատրաստական փուլը, որից հետո, արդեն, կմեկնենք Վարշավա և, ենթադրաբար, Թուրքիա...
-Ենթադրաբա՞ր...Նկատի ունեք, որ Աշխարհի առաջնության անցկացման վայրը վերջնականապես որոշված չէ՞...
-Որքան գիտեմ, մի փոքր հարցականի տակ է Անթալիայում աշխարհի թիմային առաջնության անցկացման հնարավորությունը և, հավանական է, որ մրցաշարը տեղափոխվի և կայանա Դուբայում։ Ամեն դեպքում, այս երկու ստուգատեսներին էլ փորձելու ենք նախապատրաստվել ամենայն լրջությամբ և հանդես գալ հնարավորինս հաջող ու պատվախնդիր։
-Օրերս, մեզ հետ ունեցած զրույցում հավաքականի մեկ այլ շախմատիստ՝ Գաբրել Սարգսյանը դժգոհեց ՖԻԴԵ-ի կայացրած որոշման առիթով՝ կապված նոյեմբերին միանգամից երկու գերկարևոր ու պատասխանատու՝ Եվրոպայի և Աշխարհի առաջնություններ անցկացնելու հետ։ Դուք բաժանու՞մ եք Գաբրիելի վրդովմունքը...
-Այո։ Տարօրինակ երևույթ է, չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ էր նման բան եղել։ Փաստորեն, ՖԻԴԵ-ն այնպես արեց, որ համարյա մեկշաբաթյա դադարով միմյանց հաջորդելու են Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունները։
Կարծում եմ, ՖԻԴԵ-ի այս որոշումը, միգուցե, պայմանավորված է այլ մրցաշարերի ու դրանցում հայտավորված ուժեղագույն շախմատիստների մասնակցության ժամկետների ու այլ նրբությունների հետ։ Ամեն դեպքում, այսպես չպետք է լիներ, քանի որ թիմային առաջնությունը շատ լարված ու ծանր մրցաշար է։ Շատ դժվար է, իսկապես, քանի որ Եվրոպայի առաջնությունն ավարտվում է և գրեթե անմիջապես մեկնարկում է Աշխարհի առաջնությունը։ Միգուցե, սա ինչ-որ երկրի, օրինակ՝ Ռուսաստանի համար։ Նրանք կարող են երկու տարբեր՝ որոշ չափով հավասարազոր հավաքականներով ներկայանալ մրցումներին, մինչդեռ Հայաստանի դեպքում՝ այդպիսի հնարավորություն չկա։
-Հատկապես, կուզենայինք սևեռվել Եվրոպայի թիմային առաջնության վրա, քանի որ այն կարող է բացառիկ լինել հայկական շախմատի «ոսկեգիր» պատմության մեջ։ Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոնների համար ի՞նչով է առանձնանում Եվրոպայի առաջնությունը...
-Լեհաստանում պետք է հանդես գանք մեր հնարավորությունների առավելագույն մակարդակով։ Ընդհանուր առմամբ, լա՛վ կլիներ՝ հաղթել երկու մրցաշարերում էլ, իհարկե, անհամեմատ ցանկալի է նվաճել Աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բայց Եվրոպայի առումով (որտեղ, ի դեպ, վերջին հաջողությունը 1999 թվականին էր), նշեմ, որ առաջիկայում պատմական հնարավորություն ունենք դառնալու մոլորակի առաջին ու միակ երկիրը, որը նվաճել է շախմատային բոլոր՝ երեք տիտղոսները (Եվրոպա, Աշխարհ և Օլիմպիադա-խմբ.)։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ