Մի խումբ քաղաքացիներ փորձեցին վրան տեղադրել` ապահովելու համար Վահագն Մինասյանի և նրա ընկերների արժանապատիվ պայմաններում նստացույց անելու իրավունքը, սակայն ոստիկանությունը անօրինական համարեց նրանց գործողությունները և առգրավեց վրանները: Քաշքշուկի ընթացքում մի կին ուշաթափվեց, որից հետո միայն կրքերը փոքր-ինչ խաղաղվեցին: Այնուհետև բերման ենթարկվեց Արգիշտի Կիվիրյանը, քաղաքացիների մի մասը գնաց ոստիկանության բաժնի դիմաց իրենց ակցիան շարունակելու, իսկ մյուսները մնացին քաղաքապետարանի մոտ:
Մինչ նստացույցի մասնակիցները և ակտիվիստները զբաղված էին վրանը տեղադրելով, ոստիկանները հավաքվեցին և տարան քաղաքապետարանի դիմաց ջրցան սարքերի վրա գցած պաստառները: Ակտիվիստները փակեցին ճանապարհը և ոստիկաններից պահանջեցին վերադարձնել իրենց սեփականություն հանդիսացող պաստառները` պնդելով, որ «ոստիկանները գողացել են դրանք»: Ճանապարհը բացվեց միայն ոստիկանների կողմից պաստառները վերադարձնելուց հետո: Ակցիայի ընթացքում կրկին միացվեցին քաղաքապետարանի դիմացի կանաչ տարածքի համար նախատեսված ջրցան սարքերը և հեղեղեցին ոչ միայն կանաչ տարածքները, այլ նաև մայթը և ճամփեզրը:







