Պարտություն կրած, ջախջախված ղեկավարը, եթե դավաճան չի, միանգամից հրաժարական է տալիս: Գիտե՞ք՝ ինչու է այդպես, որ այդ պարտությունը մնա իրենն, այլ ոչ թե ամբողջ ազգի պարտությունը դառնա: Ղեկավարը, ով գոնե մի կաթիլ մտածում է իր ազգի, պետության մասին անգամ մտքի ծայրով չի անցկացնում մեղադրել ազգին, հակառակը՝ մեղքն ամբողջովին իր վրա է վերցնում, փրկում է ազգի անունն ու արժանապատվությունը: Հանուն ազգի ապագայի անձնազոհության է գնում՝ այդ կերպ ամբողջ ազգին թույլ չտալով դառնալ ծիծաղի առարկա, պարտվածի, փախածի, հանձնվածի պիտակը ճակատին փակցված:

Բնական է, Նիկոլ Փաշինյանից նման հերոսական անձնազոհություն սպասելն անգամ անտրամաբանական է, քանի որ նա առաջին հերթին իր արժեհամակարգով չի ասոցացնում իրեն հայ ազգի հետ, երկրորդն էլ այդ մարդն իր տեսակով դավաճան է:

Այս դեպքում մենք բոլորս պարտավոր ենք փրկել մեր անունը, մեր պատիվը, այլապես ստիպված ենք լինելու անժամկետ դառնալ բառիս բուն իմաստով նվաստ ազգի ներկայացուցիչ, ինչ-որ մի պահի էլ թուրքերը կվարվեն մեզ հետ այնպես, ինչպես կուզեն՝ ստրուկի պես ու ստիպված դրան էլ կհամակերպենք, քանի որ աշխարհի առջև համակերպվել ենք դարի խոշորագույն կապիտուլյացիայի հետ: Այն մարդիկ, ովքեր դեռ չեն հասկացել, թե ինչ է մեզ սպասվում, անջատեք ձեզ զոմբիացնող տեղեկատվական աղբը և ուղղակի մտածեք այս ամենի մասին:

Ինքն իրեն չհարգող ազգին ոչ ոք չի հարգում, իսկ երբ չեն հարգում կամ սպանում են, կամ ստրկացնում կամ էլ ստրկացնում են, հետո սպանում, իսկ եթե շարունակում եք մտածել, թե 21-րդ դար, մարդասիրություն, բլա-բլա, հիշեք՝ մի քանի օր առաջ ինչ էր կատարվում աշխարհի լռության ներքո:

Հիշեք նաև, որ արտագաղթն էլ չի փրկելու, քանի որ խայտառակվածի խարանը մնալու է բոլորիս ազգանվան մեջ: Դարեդար մարդիկ հպարտացել են հայ լինելով, կանայք ժայռերից են նետվել հանուն պատվի, մենք դա կարդացել ու հպարտացել ենք, սփյուռքում հայերը բարձր գլխով են քայլել ու հպարտացել, որ հայ են...

Եթե չհասկանանք այս ամենի լրջությունը, կորցնելու ենք ամեն ինչ՝ պետություն, ազգ, ինքներս մեզ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել