1in.am-ը գրում է.

«Դարի ամենամեծ խնդիրներից մեկը անպտղությունն է: Եթե զույգն ապրում է համատեղ կյանքով, առանց պաշտպանվելու ունենում է սեռական հարաբերություններ և երեք տարի երեխա չի ունենում, ուրեմն գործ ունենք անպտղության հետ»,- լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց հոգեթերապևտ, սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը: Նա խորհուրդ տվեց անգամ երիտասարդ զույգերին շուտ դիմել գինեկոլոգի, քանի որ կարող է ոչ միայն անպտղության խնդիր լինել, այլ նաև ինֆեկցիոն հիվանդությունների:

«Լինում են դեպքեր, երբ ամեն օր սեռական հարաբերություն են ունենում ու հետո ասում, թե երեխա չեն ունենում: Մինչդեռ ամեն օր սերմը չի հասցնում հասունանալ: Երեքից հինգ օրում սերմը նորմալանում է: Պետք է երեքից հինգ օր սեռական հարաբերություն չունենալ: Չի բացառվում, որ ամեն օր հարաբերություն ունենալու դեպքում էլ բեղմնավոում լինի, բայց հավանականությունը քիչ է»,- ասաց Մարատ Զաքարյանը: 

Նրա տվյալներով` տղամարդկանց անպտղության պատճառներից են միզասեռական ուղիների բորբոքումները, սերմնահեղուկի որակական ու քանակական փոփոխությունները, հորմոնալ համակարգերի խախտումները: Անպտղության պատճառ է նաև զույգի անհամատեղելիությունը: Անպտղություն կարող է առաջանալ նաև բորբոքային հիվանդությունների դեպքում` շագանակագեղձի, ամորձիների բորբոքումներ, ամորձու երակի լայնացում, սեռավարակներ և այլն:

Տղամարդկանց անպտղության 16 պատճառ կա, կանանց անպտղության` 22 պատճառ: Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի քարտուղար, գինեկոլոգ- ռեպրոդուկտոլոգ Հռիփսիմե Գրիգորյանն էլ նշեց, որ կանանց անպտղության հիմնական խնդիրները ձվազատման խանգարումներն են: Անպտղություն են առաջացնում հորմոնալ տարբեր խանգարումները, երբեմն լինում են անատոմիական խնդիրներ, գենետիկ խնդիրներ: 

«Եթե կինը գիտի, որ դեռահաս տարիքում խնդիրներ է ունեցել, 35 տարեկանից հետո կես տարի չհղիանալու դեպքում պետք է դիմի բժշկի: 40-ից հետո` անմիջապես պետք է դիմել բժշկի: Եթե անգամ այդ տարիքի կանանց մոտ պահպանվել է դաշտանային ցիկլը, դա չի նշանակում, թե նա կարող է երեխա ունենալ: Կնոջ վերարտադրողական ֆունկցիան ավելի շուտ է մարում, քան դաշտանային ցիկլը»,- նշեց գինեկոլոգը:

Բեղմնավորման համար ամենաբարենպաստ ժամանակը, ըստ Հռիփսիմե Գրիգորյանի, դաշտանային ցիկլի առաջին օրվանից հաշված` 13- 15-րդ օրն է. այդ ընթացքում կատարվում է ձվազատում:

Ըստ Մարատ Զաքարյանի՝ անպտղության պատճառներ կարող են լինել սննդակարգը, ճառագայթումները և սննդային ու ոչ սննդային թունավորումները, ալկոհոլը, նիկոտինը, թմրանյութերը, նաև՝ նստակյաց կյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել