Armday.am-ը գրում է.

«Ահավոր բան է…ասում էի՝ տա Աստված, որ գոնե իմ ախպերը վերջին զոհը լինի»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի արտահայտություն արեց հոկտեմբերի 10-ին Ջեբրայիլում զոհված Գնել Ֆիդանյանի եղբայրը՝ Վիրապ Ֆիդանյանը: Վիրապը պատմեց՝ երեք եղբայր են,Գնելն իրենց մեծ եղբայրն էր, ինքը փոքրն է: Ասում է՝ Գնելն իրենցից տարբերվում էր իր բնավորությամբ: Եղբայրը բոլորից թաքուն է կամավորագրվել, այդ մասին ինքն իմացել է, երբ Գնելն արդեն ճանապարհին է եղել. «Եղբորս թևը նոր էին վիրահատել, ես ու մյուս եղբայրս համակարգում էինք աշխատում, մտածում էինք, որ ամեն րոպե կարող է մեզ էլ տանեին, սպասում էինք: Բայց մեր եղբայրը սեպտեմբերի 29-ին բոլորից թաքուն կամավորագրվել էր:

Հինգ օր առաջ էին նրա թևը վիրահատել, ասում էինք բժշկի թուղթը կներկայացնենք, բայց ինքը ձայն չէր հանում, քանի որ արդեն կամավորագրվել էր»: Վիրապը պատմեց՝ եղբայրը Մեծամորում էր ապրում, բայց գնացել էր հայրական օջախ, ծնողներին հրաժեշտ տվել. այ ժամանակ արդեն կամավորագրված է եղել:

Իսկ ռազմաճակատ գնալու ճանապարհին զանգել է եղբորը: Վիրապը հիշեց. «Երբ Երևան էր հասել, զանգեց, ասաց, որ գնում է, ասացի, Գն ջան, ո՞ւր ես գնում, ախպե′ր, սպասի, կարող է մեզ տանեն: Ասաց՝ բա մեր 18 տարեկաններին ո՞նց թողնենք ախր. ես չգնամ, մյուսը չգնա, բա ո՞վ գնա: Ուղղակի ուզում էի հասկանալ, ասում էի սպասի, կարող է մենք գնանք, գոնե դու մնաս այստեղ: Բայց ինքն ասում էր 18 տարեկաններին ո՞նց թողնենք, բոլորն ասում են պահը գա, կգնանք, հիմա պահն եկել է, ես չգնամ, նա չգնա: Ասում էր՝ հլը լավ է, ես սերունդ ունեմ, բա էն 18 տարեկանները դա էլ չունեն»:

Գնելը 35 տարեկան էր: Մեկ դուստր, մեկ որդի ունի: Որդին 11 տարեկան է, դուստրը՝ 5: Եղբայրը պատմեց՝ Գնելը կյանքը, ընտանիքը սիրող մարդ էր, բայց երկրի հող հասկացողությունն ավելի վեր դասեց: Եղբոր մարդկային տեսակն այսպես բնութագրեց. «Գնելը հումորասեր էր, բոլորի հետ լավ հարաբերություններ ուներ, ցանկացած շրջապատ մտնելուց իրեն լավով էին ճանաչում, ընտանիքին նվիրված էր, ընտանիքի լավ հայր, լավ ամուսին, լավ որդի»: Ասաց, որ Գնել Ֆիդանյանն իր ԱՁ-ն ուներ, մեխանիկ էր: Ամեն ինչով ապահովել էր ընտանիքին, երջանիկ ապրում էին: Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս էին կապ հաստատում եղբոր հետ, երբ առաջնագծում էր: Վիրապ Ֆիդանյանն ասաց՝ սկզբում ասում էր՝ Գորիսում եմ, բայց ես էլ եմ Արցախում ծառայել, որ անհասանելի էր լինում, հասկանում էի, որ Արցախում է. «Հարցրի՝ Գն, Ղարաբա՞ղ ես, ասաց՝ այո, բայց տնեցիներին չասես: Ասացի շատ լավ, չեմ ասի, բայց գոնե շուտ-շուտ զանգիր»: Գնելը զոհվելու օրը զանգել էր՝ առավոտյան ժամը 6-ին: Նա զոհվել է հոկտեմբերի 10-ին, երբ հումանիտար հրադադար էր հաստատվել: Վիրապն այդ օրվանից մի դրվագ պատմեց. «Գնելը հետախույզ է եղել, անցել է հակառակորդի տարածք, թիկունք, նշանակետերն է վերցրել, հեռավորությունները, իրենց կուտակումները՝ որտեղ, ինչ կա, ամեն ինչ վերցրել, կապ է տվել, ասել է, ուրախ-ուրախ հետ է եկել, նույնիսկ զինակից ընկերներն ասում են՝ երկու հատ բրոնյա ժիլետ, մեկ հատ կասկա է բերել, հասել է խրամատի մոտ, հինգ քայլ է մնացել, ԱԹՍ-ն վերևից թիրախավորել է, պայթեցրել է: Ինքը վիրավոր է եղել, ուզել են իրեն օգնել, ասել է՝ ինձ թողեք, ես չեմ ապրի, մնացածին, էն 18 տարեկան տղերքին փրկեք»:
Գնել Ֆիդանյանը զոհվել է Ջեբրայիլում: Եղբայրը հիշեց՝ եղբայրս հետախույզ էր, ասում էր ПК-ն լավ զենք է, լավ է կրակում: Հետո խոր հոգոց հանեց ու ասաց՝ եղբայրս գնաց… Թեև Վիրապը ցավով ու դժվարությամբ էր հիշում կատարվածը, բայց մեր խնդրանքը չմերժեց, պատմեց՝ ինչպես են իմացել եղբոր զոհվելու լուրը, ինչպես են ասել, ծնողներին և նրա ընտանիքին. «Իր զինակից, իր հետ ծառայող տղաները հետ են եկել, պատմում էին՝ մենք որ տեսանք Գնելին խփեցին, գնացինք, որ բերեինք, ասաց՝ թողեք, ես չեմ ապրի, 18 տարեկաններին փրկեք: Մարմինը բերեցին: Նման պայմաններում էլի գոնե մարդ մխիթարվում է, որ իմանում ես քո եղբորը, քո տղային ես հողին հանձնում, թե չէ հիմա շատ դեպքեր կան, որ չեն էլ կարողանում գտնել իրենց զոհված հարազատին»: Վիրապը պատմեց, որ եղբոր զոհվելու օրը եղբոր կնոջը տարել էր իրենց տուն, ամբողջ օրը փորձում էին, չէին կարողանում կապ հաստատել Գնելի հետ. անհասանելի էր: Եղբայրները՝ երկուսն էլ զգացել են, որ իրենց մեծ եղբայրը վտանգի մեջ է: Վիրապը վերհիշեց իրենց՝ եղբոր զոհվելու օրվա ապրումները. «Չգիտեմ՝ ոնց որ մեկն ասեր, հլը զանգի, մյուս եղբայրս սաղ օրը փորձում էր, սիրտը ոնց որ տեղից թռներ. այդպիսի զգացողություն էր: Եղբայրս մի ուրիշ համարով էլ էր զանգում, դրանով զանգեցի, վերցրեց՝ ասաց Գնելը հիմա մոտս չէ: Հասկացա, որ եղբորս հետ մի բան այն չէ: Ուղղակի չէր կարողանում այդ անձն ասել, որ եղբայրս զոհվել է, ասաց մի քիչ հետո զանգեք, հավաքվենք իրար մոտ, տեսնենք՝ ինչ է եղել: Տասը րոպե հետո զանգեցի, ասացի՝ ճիշտն ասեք, հո եղբորս բան չի՞ եղել: Ասաց՝ ախպեր, զոհվել է: Ախպերս հերոսացավ, էլի…»: Գնելին շատերն էին ճանաչում, մեծ շրջապատ ուներ, նույնիսկ Գորիսից Էջմիածին նրա մարմինը բերելուց շտապօգնության վարորդը նրան ճանաչել է: Եղբայրը պատմեց՝ դեմքին բեկորները շատ են եղել, վարորդը զանգել է Գնելի ընկերներին, նկար ուղակել, ասել են՝ ինքն է: Հետո ընկերներն են լուրը հայտնել Գնելի ծնողներին, ասել էին ծանր վիրավոր է, բայց եղբայրն ասաց՝ հասկացել էինք, որ զոհվել է: Վիրապի չկարողացավ շարունակել, միայն ասաց. «Աստված տա՝ ոչ ոք չզգա էս ցավը…ահավոր բան է: Մեզ հերոս պետք չէ, մեզ իրենք են պետք, գնաց էլի..իր մտածելակերպը տեսեք՝ ասում էր 18 արեկաններին մենակ ո՞նց թողնեմ»: Լուսանկարները տրամադրել է Վիրապ Ֆիդանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել