Armtimes.com-ը գրում է․

Հայաստանի Հանրապետության տիրապետության տակ հայտնված եւ կալանավորված երկու վարձկանները՝ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին եւ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը մասնակի են ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը։ Մի քանի լրագրողների հետ զրույցում Քննչական կոմիտեի քրեագիտության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն այսօր մանրամասնեց, որ նրանք ընդունում են իրենց վարձկան լինելու հանգամանքը, սակայն պնդում են, թե ոչ մեկի չեն սպանել։ Նշենք, սակայն, որ նրանց մեղադրանք է առաջադրվել միջազգային ահաբեկչության, վարձկանության եւ զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ թույլ տալու փորձի համար։ Այսինքն վարձկաններին սպանության համար մեղադրանք առաջադրված չէ:

Վարդանյանի խոսքով՝ Սիրիայում ՀՀ դեսպանատունը ԱԳՆ-ի միջոցով տեղեկացվել է նրանց գերեվարության մասին․ «Միջոցներ են ձեռնարկվում նաեւ, որ այս երկու վարձկանները կապ հաստատեն իրենց հարազատների հետ, տեղեկացնեն գտնվելու վայրի, կարգավիճակի մասին, տեխնիկական՝ հարազատների հեռախոսի բացակայության պատճառով դեռեւս չի հաջողվել դա անել»։

Հարցաքննությունների ընթացքում վարձկանները հասցեական նշում են այն մարդկանց անունները, ովքեր ներգրավված են եղել իրենց՝ վարձկանների առանց փաստաթղթերի եւ անարգել սահմաններ հատելու, ռազմական գործողություններում ներգրավվելու հարցում։ Ռաֆայել Վարդանյանը տեղեկացրեց, որ նշված անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ եւս իրավական փոխօգնության շրջանակում եւ տարբեր մեխանիզմներով աշխատանքներ են իրականացվում, որպեսզի նրանց արարքներին եւս համապատասխան իրավական գնահատականներ տրվեն։

Ռաֆայել Վարդանյանը տեղեկացրեց, որ այս պահին իրենց կողմից հարցաքննվել են այս երկու վարձկանները, սակայն տվյալները ամեն րոպե կարող են փոխվել։ Քննչական կոմիտեի կողմից հարցաքննված ադրբեջանցի ռազմագերիները թիվը եւս երկուսն է։

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանն էլ տեղեկացրեց, որ բացի միջազգային խողովակներից ձեռնարկվում են նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որպեսզի ավելի արագորեն պարզվեն այն անձինք, որոնց վերաբերյալ հարցաքննության ընթացքում տեղեկություններ ենք ստացել վարձկաններից․ «Սակայն նկատի ունեցեք, որ Սիրիայում վարձկանների առկայությունը ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է, եւ լուրջ դժվարություններ կան այնտեղ գտնվող անձանց ինքնությունները պարզելու, հայտնաբերելու համար, որովհետեւ նրանք տարբեր տեղերում են ապրում, հաճախ գրանցված չեն, չունեն համապատասխան փաստաթղթեր, այսինքն՝ մենք այժմ բախվում ենք այն պրոբլեմներին, որ վերաբերում են միջազգային ահաբեկչությանը»։

Ավետիսյանի խոսքով՝ չնայած այդ փաստին՝ կողմնակի անձանց մոտ կասկած չեն կարող հարուցել վարձկանների առկայության վերաբերյալ տեղեկությունները, քանի որ նրանք չափազանց դետալային մանրամասներ են հայտնել․ «Որեւէ կասկած չի կարող մնալ, որ այս անձինք իրականում Սիրիայից հավաքագրված եւ նպատակամղված վարձկաններ են, որ Թուրքիայի հովանավարությամբ եկել եւ հասել են Ադրբեջան, հստակ է, որ մենք գործ ունենք Թուրքիայի կազմակերպված աջակցության եւ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի եւ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել